Հոդված 435. Այլ գույքի վրա արգելանք դնելը
Հոդված 435. Այլ գույքի վրա արգելանք դնելը
1. Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն, որի ձևը սահմանում է հարկային մարմինը: Արձանագրությունում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելանքի ենթակա գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն է:
Արձանագրությունը կազմելուց հետո հարկային պարտավորության կատարման նկատմամբ հարկային մարմինը սույն օրենսգրքի ուժով ձեռք է բերում ապահովված իրավունք, որի առարկան արձանագրությունում նշված շարժական գույքն է: Ապահովված իրավունքի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ձեռք բերելու նպատակով հարկային մարմնի ապահովված իրավունքը ենթակա է գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
Արձանագրությունում նշված անշարժ գույքի նկատմամբ հարկ վճարողի իրավունքների սահմանափակումը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
2. Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված այլ գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին արձանագրությունում, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելանքի տակ դրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:
3. Այլ գույքի վրա արգելանք դնելու էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են հարկային մարմնի և Կառավարության լիազոր պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:
(435-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)