Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-01-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 22 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 113. Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները

գործել է մինչև 2025-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 113. Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով Օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները.

2) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ Օրենսգրքի 120-րդ հոդվածով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի.

3) սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն լիզինգով (տարատեսակներով) տրված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին) հիմնական միջոցների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը.

4) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցվում են համախառն եկամտից.

5) Օրենսգրքի 4-րդ, 5-րդ և 8-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարները.

6) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ Օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները.

7) Օրենսգրքի 114-120-րդ հոդվածներով սահմանված՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով նորմավորվող ծախսերի՝ նորմաները գերազանցող մասը.

8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը.

9) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասին համապատասխան՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման ենթակա ԱԱՀ-ի գումարները.

10) Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակների մասով շրջանառության հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների և ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը:

(113-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-321-Ն, լրաց. 24.11.22 ՀՕ-450-Ն, 16.11.23 ՀՕ-358-Ն, 04.12.24 ՀՕ-499-Ն)

(18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.11.22 ՀՕ-450-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(16.11.23 ՀՕ-358-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 04.12.24 ՀՕ-499-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը` համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի)

(04.12.24 ՀՕ-499-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։