Հոդված 406.1. Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը
Հոդված 406.1. Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը
1. Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման կամ չափագրման ընթացքում արձանագրվելու դեպքում շրջանառության հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ այդ ապրանքների ձեռքբերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ ապրանքների ձեռքբերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:
2. Սույն հոդվածով սահմանված տուգանքը ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի և Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու մասով եկամտային հարկի հաշվարկման (այդ թվում՝ նաև որպես հարկային գործակալ) առումով հանդիսանում է վերջնական հարկային պարտավորություն:
3. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի ձեռքբերման գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի ձեռքբերման գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Օրենսգրքով սահմանված անուղղակի եղանակներով որոշված գինը:
(406.1-ին հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-340-Ն)
(25.10.23 ՀՕ-340-Ն օրենքն ունի անցումային դրույթ)