Հոդված 432. Գույքն արգելանքից հանելը
Հոդված 432. Գույքն արգելանքից հանելը
1. Սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքի դրված գույքն արգելանքից հանվում է՝
1) (կետն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
2) եթե հարկ վճարողի հարկային պարտավորությունը դադարել է կամ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորության գումարը գանձվել է.
3) եթե հարկային մարմնի ղեկավարը հրապարակել է հանձնարարագիր՝ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ և արգելանքը փոխարինվել է հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով.
4) եթե արգելանքով ապահովված պարտավորության գումարի գանձման և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք կիրառելու մասին անհատական իրավական ակտը դատական կամ արտադատական կարգով ճանաչվել է անվավեր.
5) եթե հարկ վճարողի չկատարված պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով Ծառայության կողմից արգելանք է կիրառվել հարկ վճարողի գույքի նկատմամբ:
2. Հարկային պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը գանձապետական համապատասխան հաշիվ մուտքագրվելուց հետո կամ հարկային մարմնի ղեկավարի կողմից հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիրը հրապարակվելուց և արգելանքը հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով փոխարինվելուց հետո հարկային մարմնի՝ արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է անհապաղ կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և կազմակերպություններին՝ արգելանքը հանելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելանքի դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանած ժամկետում չներկայացվելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ Օրենսգրքով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձումը հավաստող փաստաթուղթը կամ հարկային մարմնի ղեկավարի կողմից հրապարակված՝ հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիրը և արգելանքը հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը հանելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը հանվում է:
3. Հարկային մարմինն արգելանքը հանելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է գանձապետական համապատասխան հաշիվ.
2) ըստ հարկային մարմնի տվյալների, Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվել է հարկային պարտավորության գումարի մարում.
3) հարկային մարմնի ղեկավարը հրապարակել է հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիր և արգելանքը փոխարինվել է հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով:
4. Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ հանել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ հարկային մարմնի ղեկավարի հրապարակած՝ հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիրը:
5. Չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ որոշման դատական կամ արտադատական կարգով բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:
6. Արգելանքի տակ դրված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:
(432-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.02.24 ՀՕ-104-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)