Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-26-ից մինչև 2026-07-30։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 12.04.22 ՀՕ-101-Ն)Գլուխ 80.2 · (գլուխը լրաց. 10.09.24 ՀՕ-338-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-310-Ն)

Հոդված 443.3. Կիրառվող հասկացությունները

գործել է մինչև 2026-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 443.3. Կիրառվող հասկացությունները

1. Սույն գլխում, ինչպես նաև սույն գլխի դրույթներից բխող՝ Օրենսգրքի այլ հոդվածներում նշված հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը, մասնավորապես՝

1) Ստանդարտ՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ ներառյալ վերջինիս Մեկնաբանությունը, որը հաստատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2014 թվականի հուլիսի 15-ին, ներառյալ՝ հետագա փոփոխությունները: Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաև դրա փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական կայքում.

2) կոնվենցիա՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիան, ներառյալ հետագա փոփոխությունները.

3) համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2024 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը, ներառյալ հետագա փոփոխությունները.

4) տեղեկությունների տրամադրում՝ հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված հաշվետվություն, որով Ստանդարտով սահմանված տեղեկությունները հաշվետու ֆինանսական հաստատությունը ներկայացնում է հարկային մարմին.

5) հաշվետու հաշիվ՝ մեկ կամ մի քանի հաշվետու անձանց պատկանող ֆինանսական հաշիվ կամ պասիվ ոչ ֆինանսական կազմակերպության հաշիվ, որը վերահսկվում է հաշվետու անձ հանդիսացող անձանց կողմից, և որը նույնականացվել է որպես այդպիսին՝ Ստանդարտով նախատեսված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի կիրառման արդյունքում.

6) հաշվետու անձ՝ հաշվետու պետության անձ, բացառությամբ ընկերության, որի բաժնետոմսերը պարբերաբար վաճառվում են արժեթղթերի մեկ կամ մի քանի մասնագիտացված շուկայում, այդ ընկերության փոխկապակցված ընկերության, պետական մարմնի, միջազգային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ ֆինանսական հաստատության.

7) հաշվետու ֆինանսական հաստատություն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական հաստատություն (բացառությամբ այդ ֆինանսական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող մասնաճյուղերի) և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատության մասնաճյուղ, որոնք Ստանդարտի և սույն կետի իմաստով ոչ հաշվետու ֆինանսական հաստատություններ չեն: Ոչ հաշվետու ֆինանսական հաստատությունների ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով.

8) հաշվետու պետություն՝ պետություն, որի հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Փոխանակում իրականացնող պետությունների ցանկը յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը հարկային մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքում.

9) ազատված հաշիվ՝ Ստանդարտով սահմանված հաշիվներ, որոնց ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։