Հոդված 134. Շահութահարկի հաշվարկների ներկայացումը
Հոդված 134. Շահութահարկի հաշվարկների ներկայացումը
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ: Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող՝ սույն մասով սահմանված շահութահարկի հաշվարկում ներառվում է նաև մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազան և Օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող շահութահարկի գումարը:
2. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:
3. Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում են ներկայացնում շահութահարկի հաշվարկներ:
4. (մասն ուժը կորցրել է 22.04.25 ՀՕ-76-Ն)
5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող` Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետու ֆինանսական հաստատությունները Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով և Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում հաշվետու հաշիվների վերաբերյալ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված Ստանդարտով սահմանված տեղեկությունները:
(134-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-275-Ն, 10.09.24 ՀՕ-338-Ն, փոփ. 22.04.25 ՀՕ-76-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-310-Ն)
(04.06.21 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(10.09.24 ՀՕ-338-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(22.04.25 ՀՕ-76-Ն օրենքն ունի անցումային դրույթ)