Հոդված 17.1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում
Հոդված 17.1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում
1. Հարկային ծառայողի պատրաստման նպատակով ուսումնական կենտրոնը հարկային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպում և անցկացնում է հարկային ծառայողի, այդ թվում՝ ղեկավար պաշտոնների պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն): Սույն մասի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի պաշտոնները:
2. Ընդունելության կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, հարցազրույցի հանձնաժողովի ձևավորման կարգը, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը, ընդունելության արդյունքների ամփոփման, ընդունելության կազմակերպմանը և անցկացմանը հարկային մարմնի կողմից ուսումնական կենտրոնին օժանդակելու հետ կապված հարաբերությունները:
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված տարիքային ցենզի, բարձրագույն կրթության և հայերենին տիրապետելու պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ ընդունելության մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում նա սույն հոդվածի 9-րդ, 14-րդ մասերով կամ սույն օրենքի 17.3-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված հարցազրույցի արդյունքով ստացել է բացասական գնահատական:
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները.
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը:
5. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:
6. Թեստավորման պահանջները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:
7. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք:
8. Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:
9. Հարցազրույցի կազմակերպման համար սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը հարկային մարմնի կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքով մասնակիցն ստանում է դրական կամ բացասական գնահատական:
10. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, ամփոփիչ քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:
11. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով, և որի ձևը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Եթե պատրաստման հավաստագրի գործողության ավարտին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից պատրաստման դասընթաց չի անցկացվել, ապա պատրաստման հավաստագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության վերջնաժամկետից հետո կազմակերպված պատրաստման դասընթացի արդյունքով պատրաստման հավաստագիր տրամադրելու օրը, իսկ պատրաստման դասընթացը չհաղթահարելու դեպքում՝ մինչև պատրաստման դասընթացը չհաղթահարելու օրը:
12. Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած հարկային ծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են հարկային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր:
13. Ծառայողական առաջխաղացման հիմքով հարկային ծառայության պաշտոնի (այդ թվում՝ ղեկավար) նշանակվելիս հարկային ծառայողի պատրաստման հավաստագրի գործողությունը շարունակվում է մինչև պատրաստման հավաստագրի գործողության՝ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը: Ծառայողական առաջխաղացման արդյունքով զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատրաստման հավաստագրի ստացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
14. Պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչև պաշտոնի նշանակումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված՝ հարկային մարմնի ղեկավարի սահմանած տվյալների մասով փոփոխության վերաբերյալ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված տեղեկատվությունը կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի պատճառաբանված հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սույն մասով նախատեսված հարցազրույցի անցկացման նպատակով պատրաստման հավաստագիր ստացած անձը սույն մասով նախատեսված հրամանով սահմանված ժամկետում ներկայացնում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված ձևանմուշի բարեվարքության վերաբերյալ նոր հարցաթերթիկ, որի ուսումնասիրությունը կատարվում է սույն օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Հարցազրույցի արդյունքով պատրաստման հավաստագիր ստացած անձն ստանում է դրական կամ բացասական գնահատական: Հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է:
15. Հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով հարկային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար:
(17.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն, խմբ. 16.04.26 ՀՕ-145-Ն, փոփ. 07.05.26 ՀՕ-185-Ն)
(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(07.05.26 ՀՕ-185-Ն օրենքն ունի անցումային դրույթ)