Հոդված 10. Ժողովը
Հոդված 10. Ժողովը
1) ա) Ժողովը բաղկացած է Պայմանավորվող պետություններից:
բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:
գ) Յուրաքանչյուր արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն պետք է Ժողովի նիստերին և Ժողովի կողմից ստեղծված կոմիտեներում և աշխատանքային խմբերում ներկայացված լինի հատուկ դիտորդների միջոցով:
դ) Միության ոչ անդամ ցանկացած Պետություն, որը Կազմակերպության կամ Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային (Փարիզ) միության անդամ է, և 2 (v) հոդվածում նշված արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությունից զատ, արտոնագրերի բնագավառում մասնագիտացած ցանկացած միջկառավարական կազմակերպություն, կարող է դիտորդներով ներկայանալ Ժողովի հանդիպումներին, և եթե Ժողովը որոշի, Ժողովի կողմից ստեղծված ցանկացած կոմիտեի կամ աշխատանքային խմբի հանդիպումներին:
2) ա) Ժողովը՝
i) զբաղվում է Միության պահպանության և զարգացման և սույն Պայմանագրի կատարման բոլոր խնդիրներով.
ii) իրացնում է այնպիսի իրավունքներ և իրականացնում է այնպիսի առաջադրանքներ, որոնք հատուկ դրված են իր վրա կամ սահմանված են սույն Պայմանագրով.
iii) Գլխավոր տնօրենին հանձնարարականներ է տալիս համաժողովների վերանայումը նախապատրաստելու կապակցությամբ.
iv) վերանայում և հաստատում է Միության վերաբերյալ Գլխավոր տնօրենի հաշվետվություններն ու գործունեությունը, անհրաժեշտ ցուցումներ է տալիս Միության իրավասության շրջանակում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
v) ստեղծում է այնպիսի կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Միության աշխատանքները դյուրացնելու համար.
vi) ելնելով 1-ին կետի «դ» ենթակետից՝ որոշում է, թե, Պայմանավորվող պետություններից բացի, որ Պետությունների միջկառավարական կազմակերպությունները, որոնք 2 (v) հոդվածում նշված միջկառավարական արդյունաբերական սեփականության կազմակերպություն չեն, և որ միջազգային հասարակական կազմակերպությունները պետք է ընդունվեն իր հանդիպումներին՝ որպես դիտորդներ, և թե ինչ չափով են միջազգային ավանդադրման մարմիններն ընդունվելու իր հանդիպումներում` որպես դիտորդներ.
vii) ձեռնարկում է ցանկացած այլ համապատասխան գործողություն Միության հետագա նպատակների իրականացման համար.
viii) կատարում է այնպիսի այլևայլ գործառույթներ, որոնք բխում են սույն Պայմանագրից:
բ) Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միությունների համար հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ Ժողովը որոշում է կայացնում Կազմակերպության համակարգող կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո:
3) Մեկ ներկայացուցիչը կարող է ներկայացնել մեկ պետություն և քվեարկել միայն մեկ պետության անունից:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ունի մեկ քվե:
5) ա) Պայմանավորվող պետությունների մեկ երկրորդն ապահովում է քվորումը:
բ) Քվորումի բացակայության դեպքում Ժողովը կարող է որոշումներ կայացնել՝ բացառությամբ իր գործընթացներին վերաբերող որոշումների: Բոլոր նման որոշումները գործում են միայն այն դեպքում, եթե կա քվորում, և ձայների պահանջվող մեծամասնությունն ապահովված է Կանոնակարգով սահմանված ձևով քվեարկելու միջոցով:
6) ա) Համաձայն 8(1)(գ), 12 (4) և 14(2) (բ) հոդվածների՝ Ժողովի որոշումներն ընդունելու համար պահանջվում է տրված ձայների մեծ մասը:
բ) Ձեռնպահ մնալը քվեարկություն չի համարվում:
7) ա) Ժողովը հերթական նիստը գումարում է յուրաքանչյուր երկու տարին մեկ` Գլխավոր տնօրենի հրավերով, գերադասելի է նույն ժամկետում և նույն տեղում, ինչ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան:
բ) Ժողովը արտահերթ նիստեր է գումարում Գլխավոր տնօրենի հրավերով կամ իր նախաձեռնությամբ կամ Պայմանավորվող պետությունների մեկ չորրորդի պահանջով:
8) Ժողովն ընդունում է ընթացակարգի իր կանոնները: