Հոդված 9. Արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություններ
Հոդված 9. Արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություններ
1) ա) Ցանկացած միջկառավարական կազմակերպություն, որին մի քանի պետություններ վստահել են տարածաշրջանային արտոնագիր տալու հարցը, և որի բոլոր անդամ պետությունները Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային (Փարիզի) միության անդամներ են, կարող է Գլխավոր տնօրենին հայտարարություն ուղարկել առ այն, որ ինքը ընդունում է 3 (1) (ա) հոդվածով սահմանված պարտավորությունները, 3 (2) հոդվածով սահմանված պահանջներին վերաբերող պարտավորությունները, և սույն Պայմանագրի և Կանոնակարգերի բոլոր գործող դրույթները, որոնք կիրառելի են արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությունների նկատմամբ: Եթե հայտարարությունը ներկայացվել է մինչև սույն Պայմանագրի` 16 (1) հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, ապա նախորդ նախադասությունում նշված հայտարարությունը գործում է ուժի մեջ մտնելու նշված օրը: Եթե հայտարարությունը ներկայացվել է ուժի մեջ մտնելուց հետո, վերը նշված հայտարարությունը ուժի մեջ է մտնում ներկայացնելուց երեք ամիս հետո, եթե հայտարարության մեջ ավելի ուշ ժամկետ նշված չէ: Վերջինիս դեպքում հայտարարությունն ուժի մեջ կմտնի նշված օրը:
բ) Վերը նշված կազմակերպությունը ունի 3(1) (բ) հոդվածով սահմանված իրավունքը:
2) Եթե սույն Պայմանագրի կամ Կանոնակարգերի որևէ դրույթ, որն առնչվում է արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությանը, վերանայվում կամ փոփոխվում է, ցանկացած արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն կարող է 1-ին կետով արված հայտարարությունը չեղյալ համարել՝ ծանուցելով Գլխավոր տնօրենին: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ կմտնի.
i) եթե ծանուցումը ստացվել է մինչև վերանայումը կամ փոփոխությունների ուժի մեջ մտնելը.
ii) եթե ծանուցումը ստացվել է i ենթակետում նշված օրվանից հետո` ծանուցման մեջ նշված օրը, կամ եթե օրը նշված չէ, ծանուցումն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
3) Ի լրումն 2-րդ կետում նշված դեպքի, ցանկացած արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպություն կարող է չեղյալ հայտարարել իր տված (1) (ա) ենթակետում նշված հայտարարությունը Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից երկու տարի հետո: Սույն կետով հայտարարությունն ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում չեղյալ հայտարարման ոչ մի ծանուցում չի ընդունվելու:
4) Արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպության կողմից 7 (1) հոդվածի համաձայն արված հայտարարության արդյունքում ավանդադրման մարմնի ձեռք բերած միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը 2-րդ կամ 3-րդ կետերում նշված չեղյալ հայտարարումով դադարեցվում է Գլխավոր տնօրենի կողմից չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստացվելու օրվանից մեկ տարի հետո:
5) 1-ին կետի «ա» ենթակետով արված ցանկացած հայտարարություն, 2-րդ կամ 3-րդ կետերով արված ցանկացած չեղյալ հայտարարման ծանուցում, 6 (1) հոդվածի երկրորդ նախադասությամբ արված և 7(1) (ա) հոդվածում ներառված ցանկացած երաշխավորություն, 8(1) հոդվածով ներկայացված ցանկացած պահանջ և 8(2) հոդվածում նշված չեղյալ հայտարարման ծանուցում պահանջում են արդյունաբերական սեփականության միջկառավարական կազմակերպությունը կառավարող գերագույն մարմնի կողմից նախապես արված հատուկ հաստատում, որի անդամները վերը նշված կազմակերպության անդամ բոլոր պետություններն են, և որի որոշումներն ընդունվել են նման պետությունների Կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից:
Գ լ ու խ II
Վարչական դրույթներ