Հոդված 3
Հոդված 3
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ, իբրև նվազագույն, հետևյալ արարքները և գործունեության տեսակները լրիվ չափով ընդգրկված լինեն իր քրեական իրավունքով՝ անկախ նրանից՝ այդ հանցագործությունները կատարվել են ազգային, թե անդրազգային մակարդակով կամ անհատական կամ կազմակերպված կարգով՝
ա) 2-րդ հոդվածում սահմանված մանկավաճառության ենթատեքստում՝
i) ցանկացած միջոցով երեխա առաջարկելը, փոխանցելը կամ ստանալը՝
ա. երեխային սեռական շահագործման,
բ. վարձատրության դիմաց երեխայի օրգանների հանձնման,
գ. հարկադիր աշխատանքներում երեխայի օգտագործման նպատակով,
ii) որդեգրմանը վերաբերող կիրառելի միջազգային իրավական ակտերի խախտումով, որպես միջնորդ՝ երեխայի որդեգրմանը համաձայնելուն անօրինական հակելը,
բ) երեխային առաջարկելը, ստանալը, փոխանցելը կամ տրամադրելը՝ 2-րդ հոդվածով սահմանված` երեխայի մարմնավաճառության նպատակներով,
գ) վերոհիշյալ նպատակներով, որոնք սահմանված են 2-րդ հոդվածով, երեխաների պոռնոգրաֆիա արտադրելը, բաշխելը, տարածելը, ներմուծելը, արտահանելը, առաջարկելը, վաճառելը կամ պահելը:
2. Հաշվի առնելով մասնակից պետության ազգային օրենսդրության դրույթները` համանման դրույթներ են կիրառվում այդ արարքներից յուրաքանչյուրի կատարման ոտնձգության, ինչպես նաև այդ արարքներից յուրաքանչյուրի կատարման օժանդակության կամ հանցակցության նկատմամբ:
3. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ հանցագործությունների համար նախատեսում է պատժի համապատասխան միջոցներ՝ ելնելով դրանց ծանրության աստիճանից:
4. Հաշվի առնելով իր ազգային օրենսդրության դրույթները` յուրաքանչյուր մասնակից պետություն համապատասխան դեպքերում միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների համար իրավաբանական անձանց պատասխանատվությունը բացահայտելու ուղղությամբ: Նկատի ունենալով մասնակից պետության իրավական սկզբունքները` իրավաբանական անձանց այդ պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական:
5. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ իրավական և վարչական միջոցները՝ ապահովելու համար, որ բոլոր անձինք, ովքեր երեխայի որդեգրմանն առնչվում են, գործեն կիրառելի միջազգային իրավական ակտերի դրույթներին համապատասխան: