Հոդված 9
Հոդված 9
Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև ներդրումային վեճերի կարգավորումը
1. Ցանկացած վեճ մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև, կապված սույն Համաձայնագրի համաձայն առաջինի կատարած ներդրման հետ, հնարավորության սահմաններում կկարգավորվի բարեկամաբար` վեճին մասնակից կողմերի բանակցությունների միջոցով:
2. Ցանկացած նման վեճ, որը բարեկամաբար չի կարգավորվի վեց ամսվա ընթացքում, երկու Կողմերի համաձայնության դեպքում կարող է ներկայացվել դիտարկման.
ա) ներդրումն ընդունած Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն` այդ Պայմանավորվող կողմի իրավասու դատական կամ վարչական մարմնին` վճիռ կայացնելու նպատակով, կամ`
բ) միջազգային հաշտեցման` համաձայն ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հաշտեցման Կանոնների:
3. Եթե Կողմերին չի հաջողվում վեճի հաշտեցման ընթացակարգի շուրջ համաձայնություն ձեռք բերել ըստ սույն հոդվածի 2-րդ կետի, կամ եթե վեճը ներկայացվել է հաշտեցման, սակայն հաշտեցման գործընթացն ավարտվել է այլ կերպ, քան հաշտեցման համաձայնագրի ստորագրումն է, վեճը կարող է ներկայացվել Միջնորդ դատարան: Միջնորդ դատարանի ընթացակարգը պետք է լինի հետևյալը.
ա) եթե ներդրում կատարած Պայմանավորվող կողմը և մյուս Պայմանավորվող կողմը 1965 թվականի` «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման» կոնվենցիայի մասնակից են, և ներդրողը գրավոր համաձայնում է վեճը ներկայացնել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, վեճը պետք է փոխանցվի Կենտրոն, կամ
բ) եթե վեճին մասնակից երկու Կողմերն էլ համաձայն են` Հաշտեցման լրացուցիչ կանոնների, Միջնորդ դատարանի և Փաստի բացահայտման ընթացակարգերի ներքո, կամ
գ) ad hoc միջնորդ դատարանին` վեճին մասնակից Կողմերից յուրաքանչյուրի կողմից, համաձայն ՄԱԿ-ի 1976 թվականի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի միջնորդ դատարանի Կանոնների` ըստ հետևյալ փոփոխությունների.
- Կանոնների 7-րդ հոդվածի համաձայն` նշանակումներ կատարող մարմինը պետք է լինի Նախագահը, Փոխնախագահը կամ Միջազգային դատարանի` ավագությամբ հաջորդ դատավորը, որը չպետք է լինի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի: Երրորդ դատավորը չպետք է լինի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի:
- Կողմերը երկու ամսվա ընթացքում պետք է նշանակեն իրենց համապատասխան իրավարարներին:
- Արբիտրաժային վճիռը պետք է կայացվի սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան և պետք է պարտավորեցնի վիճող կողմերին:
- Միջնորդ դատարանը պետք է հաստատի իր կայացրած որոշման հիմքը և հիմնավորումներ տրամադրի` որևէ կողմի պահանջով: