Հոդված 6
Հոդված 6
Հարմարություններ ՄԱՓԳՀ մարդասիրական ծրագրերի իրագործման համար
1. Կառավարությունը, ՄԱՓԳՀ-ի հետ համաձայնեցնելով, պետք է ձեռնարկի ցանկացած միջոց, որը կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի ՄԱՓԳՀ պաշտոնյաները, գործուղված փորձագետները և ՄԱՓԳՀ անունից ծառայություններ կատարող անձինք չենթարկվեն այն կանոններին կամ այլ իրավական դրույթներին, որոնք կարող են խոչընդոտել սույն Համաձայնագրի շրջանակներում իրականցվող գործողություններին և ծրագրերին, և նրանց պետք է շնորհեն այնպիսի այլ արտոնություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել երկրում փախստականների համար ՄԱՓԳՀ մարդասիրական ծրագրերի արագ և արդյունավետ իրականացման համար: Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան` նշված միջոցները պետք է ներառեն հաղորդակցման հարմարությունների տրամադրումը, օդային փոխադրությունների իրավունքների շնորհումը և ազատումը օդանավերի վայրէջքի վճարներից և ռոյալթիներից` արտակարգ իրավիճակներում օգնություն բերող բեռնատար ինքնաթիռների թռիչքների դեպքում, փախստականների և/կամ ՄԱՓԳՀ անձնակազմի տեղափոխման համար գանձվող վճարներից:
2. Կառավարությունը, ՄԱՓԳՀ-ի հետ համաձայնեցնելով, պետք է օժանդակի ՄԱՓԳՀ պաշտոնյաներին գրասենյակային համապատասխան շինություններ գտնելու գործում և պետք է դրանք ՄԱՓԳՀ-ին տրամադրի անվճար կամ էժան գնով:
3. Կառավարությունը, ՄԱՓԳՀ-ի հետ համաձայնեցնելով, պետք է պայմանավորվի և ապահովի դրամական միջոցների փոխհամաձայնեցված քանակ, որպեսզի վճարի ՄԱՓԳՀ գրասենյակի տեղական ծառայությունների և հարմարությունների գինը, ինչպիսիք են գրասենյակի հիմնադրման, կահավորման, շահագործման և վարձակալման ծախսերը, եթե այդիսիք կան:
4. Կառավարությունը պետք է երաշխավորի, որ ՄԱՓԳՀ գրասենյակը մշտապես ապահովված կլինի անհրաժեշտ կոմունալ ծառայություններով, և որ այդպիսի կոմունալ ծառայությունները կտրամադրվեն հավասար պայմաններով:
5. Կառավարությունը կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի երաշխավորի ՄԱՓԳՀ անձնակազմի անվտանգությունն ու ապահովությունը: Մասնավորապես, նա կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պաշտպանի ՄԱՓԳՀ անձնակազմը, ՄԱՓԳՀ գրասենյակի շինությունները և սարքավորումները հարձակումներից կամ որևէ այլ գործողություններից, որը խոչընդոտում է ՄԱՓԳՀ անձնակազմին ՄԱՓԳՀ մանդատը իրականացնելուն: Սա չի հակասում այն փաստին, որ ՄԱՓԳՀ գրասենյակների բոլոր շինությունները անձեռնմխելի են և գտնվում են ՄԱՓԳՀ բացառիկ վերահսկողության ներքո:
6. Կառավարությունը պետք է դյուրացնի ՄԱՓԳՀ տարբեր պետություններից հավաքագրված անձնակազմի համար բնակարանային համապատասխան հարմարություններ գտնելը: