Հոդված 29
Հոդված 29.
Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում:
Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի առաջադրվող քաղաքացու`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) բնակության վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը.
7) ստորագրությունը և ներկայացման ամսաթիվը:
Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է սույն օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը և երկու լիազոր ներկայացուցչի մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
3. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»: