Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.
«Հոդված 9.2. Փոփոխությունների գրանցումը
1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝
ա) վարկային կազմակերպության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) oրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
2. Կենտրոնական բանկը գրանցում է վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով: Վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկի կողմից գրանցվում են մեկամսյա ժամկետում, եթե սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով գրանցման ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել:
3. Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող Կենտրոնական բանկի իրավական ակտերը Կենտրոնական բանկը կարող է անվավեր ճանաչել, եթե վարկային կազմակերպությունը սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փոփոխությունները գրանցելու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ:
4. Կենտրոնական բանկը հանում է գրանցումից վարկային կազմակերպության ղեկավարին, եթե նա զրկվել է որակավորման վկայականից, կամ ավարտվել է որակավորման վկայականի ժամկետը կամ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չի կարող աշխատել որպես վարկային կազմակերպության ղեկավար:
5. Սույն հոդվածով սահմանված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:»: