Հոդված 12
Հոդված 12.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ հոդվածով.
«Հոդված 14.1. Վարկային կազմակերպության և հաճախորդների փոխհարաբերությունները
1. Վարկային կազմակերպություններին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս վարկային կազմակերպության այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ վարկային կազմակերպության կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար վարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
3. Ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝
ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.
բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.
գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.
դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով և կարգով:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (վարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում, վարկային կազմակերպության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից վարկերի և փոխառությունների տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ: Ընդ որում, ցանկացած փոփոխության կատարման դեպքում այդ տեղեկությունները պետք է անմիջապես թարմացվեն և հրապարակվեն սույն կետով սահմանված կարգով:
4. Վճարը, որը գանձվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների և փաստաթղթերի պատճենների տրամադրման համար, չի կարող այդ պատճենները պատրաստելու ծախսերից մեծ լինել:»: