Հոդված 23. Լուծարման գործընթացը
Հոդված 23. Լուծարման գործընթացը
1. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո մեկ ամսվա ընթացքում իրականացնում է բանկի միջոցների հաշվեգրում և արդյունքների մասին տեղեկացնում է լուծարային կառավարիչ նշանակած դատարանին: Դատարանը հրապարակում է այդ փաստաթղթերը պաշտոնական մամուլում:
2. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո 3 ամսվա ընթացքում իրավունք ունի լուծել`
ա) ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը.
բ) ծառայություններ մատուցելու վերաբերյալ կնքված պայմանագրերը.
գ) անշարժ գույքի վարձակալության հետ կապված բանկի` որպես վարձակալի պարտավորությունները: Վարձատուներն իրավունք չունեն բանկ ներկայացնել վարձակալական վճարի որևէ պահանջ` բացառությամբ մինչև վարձակալության դադարեցման օրը ձևավորված վարձակալական վճարի պարտքը, ինչպես նաև պահանջել վարձակալության դադարեցմամբ պատճառված վնասների փոխհատուցում: Բանկի լուծարման ընթացքում վարձակալության հետ կապված ծախսերը մտնում են լուծարային կառավարչի ծախսերի մեջ:
3. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո 2 ամսվա ընթացքում`
ա) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու և այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Այդ գույքի սեփականատերերը լուծարային կառավարչի ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը, հակառակ դեպքում այն համարվում է չպահանջված, դատարանն ի պահ է վերցնում և միջոցառումներ է ձեռնարկում դրա օրինական տերերին հայտնաբերելու համար.
բ) սահմանում է պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու երկու ամսից ոչ պակաս ժամկետ և այդ մասին տեղեկացնում է ավանդատուներին, վարկատուներին, բանկի այլ պարտատերերին:
4. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո իննամսյա ժամկետում հրապարակայնորեն վաճառում է բանկի միջոցները աճուրդի կարգով:
5. Աճուրդի կարող են հանվել սնանկ ճանաչված բանկի գործուն ակտիվները: Գործուն ակտիվների, անհուսալի ու արժեզրկված միջոցների ցանկը, դրանց գումարային մեծությունն աճուրդից առաջ սահմանում է լուծարային կառավարիչը` հաշվի առնելով դրանց գնահատման վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը: