Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 ·

Հոդված 31. Խնամակալին և լուծարային կառավարչին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2001-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 31. Խնամակալին և լուծարային կառավարչին ներկայացվող պահանջները

1. Խնամակալը և լուծարային կառավարիչը պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական չափանիշներին:

2. Խնամակալ կամ լուծարային կառավարիչ չի կարող նշանակվել այն անձը, որը`

ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ, որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.

բ) տվյալ պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

գ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է տվյալ բանկի սնանկացման ելքում կամ, որի անաչառության մասին կան հիմնավոր կասկած հարուցող այլ հանգամանքներ.

դ) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

ե) ճանաչվել է սնանկ:

3. Մինչև խնամակալի կամ լուծարային կառավարչի նշանակումը, անձը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի տեղեկություններ, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել որպես խնամակալ կամ լուծարային կառավարիչ պաշտոնավարելու ընթացքում նրա անձնական շահերի բախման փաստը: Այդպիսի տեղեկությունները պետք է ներառեն հետևյալ տվյալները`

ա) այն բանկից ստացած վարկերի մասին, որոնց նկատմամբ անձը պետք է նշանակվի խնամակալ կամ լուծարային կառավարիչ, այդ բանկում աշխատելու կամ նրա կապիտալում մասնակցություն ունենալու մասին.

բ) այն անձանց հետ ֆինանսական, գործնական կամ անձնական կապերի մասին, որոնք շահագրգռվածություն ունեն խնամակալվող կամ լուծարվող բանկի կամ նրա միջոցների նկատմամբ, ինչպես նաև հետագայում այդպիսի անձանց հետ կամ այդպիսի ձեռնարկություններում աշխատելու մասին.

գ) վերջին հինգ տարում բանկի նկատմամբ նյութական պարտավորությունները չկատարելու դեպքերի մասին և դրանց նկարագրությունը (հանգամանքները).

դ) ցանկացած այլ գործարար և ֆինանսական շահերի մասին, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ անձի վրա` որպես խնամակալ կամ լուծարային կառավարիչ պաշտոնավարելու ընթացքում.

ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

4. Խնամակալը կամ լուծարային կառավարիչը պետք է ձեռնպահ մնա`

ա) ցանկացած գործողությունից, որի հետևանքով կարող է շահերի բախում տեղի ունենալ.

բ) ուղղակի կամ անուղղակի ձևով ծառայություններ, աշխատանքներ, նվերներ ընդունելուց կամ դրանց ընդունումը հօգուտ այն անձանց միջնորդելուց, որոնց շահերը կարող են բախվել խնամակալի կամ լուծարային կառավարչի այս կամ այն պարտականությունների կատարման հետ.

գ) իրենց հսկողությանը հանձնված միջոցներն ի շահ այլ անձանց օգտագործելուց.

դ) իր պարտականությունների կատարման հետ կապված ծառայողական տեղեկություններ հրապարակելուց:

5. Խնամակալին կամ լուծարային կառավարչին արգելվում է բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հաղորդումը` բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված դեպքերի:

6. Խնամակալի և լուծարային կառավարչի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով: Գանգատի քննարկման ողջ ժամանակահատվածում խնամակալությունը կամ լուծարումը շարունակվում է առանց սահմանափակումների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։