Հոդված 23. Ապրանքային նշանի գրանցման անվավերության հարաբերական հիմքերը
Հոդված 23. Ապրանքային նշանի գրանցման անվավերության հարաբերական հիմքերը
1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝
1) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ավելի վաղ ապրանքային նշան, և առկա են նաև նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պայմանները.
2) առկա է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-8-րդ կետերից որևէ մեկում նշված ավելի վաղ իրավունքը, և առկա են նաև տվյալ կետով նախատեսված համապատասխան պայմանները.
3) առկա են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի կետերից որևէ մեկով նախատեսված հիմքերը:
2. Ապրանքային նշանի օգտագործումը կարող է արգելվել այլ ավելի վաղ իրավունքի հիմքով, մասնավորապես հեղինակային իրավունքի, անվան կամ պատկերի նկատմամբ իրավունքի, պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան իրավունքի, պահպանվող գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքի:
3. Ապրանքային նշանը չի կարող անվավեր ճանաչվել, եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որևէ մեկի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան դեպքում իրավասու պետական մարմինն իր համաձայնությունն է տվել ապրանքային նշանի գրանցման համար մինչև տվյալ ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին հայց կամ հակընդդեմ հայց ներկայացնելը։
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից որևէ մեկի տիրապետողը, որն ապրանքային նշանն անվավեր ճանաչելու մասին ավելի վաղ հայց կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, դրա հիմնավորման նպատակով չի կարող վկայակոչել նշված իրավունքներից որևէ մեկ այլ իրավունք:
5. Եթե անվավերության հիմքերը վերաբերում են միայն որոշակի ապրանքների և (կամ) ծառայությունների, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվում միայն համապատասխան ապրանքների և (կամ) ծառայությունների մասով:
6. Ապրանքային նշանի իրավատիրոջ միջնորդությամբ ավելի վաղ ապրանքային նշանի իրավատերը, որը, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան, հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, հակադրելով իր ավելի վաղ ապրանքային նշանը, պետք է ապացույցներ ներկայացնի, որ ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականին նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում իրական օգտագործման մեջ է դրվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է եղել ապրանքային նշանը, և որ հակադրումը վերաբերում է այդ ապրանքներին և (կամ) ծառայություններին, կամ որ ապրանքային նշանն իրական օգտագործման մեջ չդնելը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականից ավելի վաղ ապրանքային նշանը գրանցված է եղել առնվազն հինգ տարի։ Այսպիսի ապացույցների բացակայության դեպքում հայցը մերժվում է։ Եթե ավելի վաղ ապրանքային նշանն օգտագործվել է ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար նշանը գրանցված է եղել, ապա հայցի քննարկման ժամանակ ավելի վաղ ապրանքային նշանը կարող է հակադրվել միայն ապրանքների և (կամ) ծառայությունների համապատասխան մասի նկատմամբ։