Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 45. Հայտի ըստ էության փորձաքննությունը

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 45. Հայտի ըստ էության փորձաքննությունը

1. Պետական լիազոր մարմինը հայտի հրապարակման օրվանից հետո` եռամսյա ժամկետում, կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար հայտարկված ապրանքային նշանի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահպանության պայմաններին։

2. Նշված ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան դիտողության կամ առարկության ստացման կապակցությամբ, նույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերում նշված ժամկետներով: Ընդ որում, նույն հայտի վերաբերյալ մեկից ավելի դիտողություն և (կամ) առարկություն ստանալու դեպքում նշված ժամկետի կասեցման սկիզբ է համարվում դրանցից առաջինի ուղարկման թվականը, իսկ ավարտը՝ դրանցից վերջինի ստացման հետ կապված` սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասում նշված ժամկետի ավարտը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական լիազոր մարմինն ստուգում է՝

1) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված մերժման բացարձակ հիմքերի առկայությունը.

2) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված մերժման հարաբերական հիմքերի առկայությունը (իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա).

3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան ստացված դիտողությունները և առարկությունները:

4. Պետական լիազոր մարմինը փորձաքննությունն անցկացնում է և հայտարկված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում է կայացնում սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն կատարված ստուգման արդյունքների հիման վրա` հաշվի առնելով սույն օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասում նշված որոշումը (դրա առկայության դեպքերում): Փորձաքննության արդյունքում կայացրած որոշման մասին պետական լիազոր մարմինը հնգօրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում), ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ դիտողություն կամ առարկություն ներկայացրած անձին։

5. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝

1) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին.

2) հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար սույն օրենքի 9-րդ և (կամ) 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և (կամ) հարաբերական հիմքերով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտում նշված մնացած ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում).

3) հայտարկված ապրանքային նշանի գրանցումը ենթակա չէ մերժման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված մերժման բացարձակ և հարաբերական հիմքերի բացակայության պատճառով, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցելու մասին:

6. Պետական լիազոր մարմնի՝ ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները պետք է լինեն հիմնավորված։ Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կայացված որոշումներում պետք է նշվեն պատճառները և հիմքերը։

7. Եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է տարրեր, որոնք տարբերակիչ հատկություն չունեն և սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող առանձին գրանցվել որպես ապրանքային նշան, և դրանց ներառումն ապրանքային նշանում կարող է կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ, իսկ հայտատուն չի հայտարարել դրանց ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, ապա պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտարարություն ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին։

8. Սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` սահմանված ժամկետում հայտարարություն չներկայացնելու կամ նշված տարրերից մի մասի նկատմամբ ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:

9. Սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` սահմանված ժամկետում հայտարարությունն ստանալու դեպքում պետական լիազոր մարմինն այդ մասին նշում է ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ և այդ տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին տեղեկությունները հրապարակում է ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ:

10. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ բերելով հիմնավոր փաստարկներ։

11. Պետական լիազոր մարմինը կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, քննարկում է ներկայացված փաստարկները և որոշում է կայացնում չեղյալ ճանաչել նախորդ որոշումը և գրանցել ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումը։

12. Կրկնական փորձաքննության արդյունքում ընդունված որոշման մասին պետական լիազոր մարմինը հնգօրյա ժամկետում գրավոր ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում)։

13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։