Հոդված 51. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման բաժանումը (զատումը)
Հոդված 51. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման բաժանումը (զատումը)
1. Ցանկացած հայտ, որը ներկայացված է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (այսուհետ՝ զատված հայտեր)՝ սկզբնական հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները բաշխելով այդ հայտերի միջև։ Այդպիսի դիմում պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել՝
1) մինչև պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին կամ գրանցումը մերժելու մասին որոշման ընդունումը՝ հայտի քննարկման ցանկացած փուլում.
2) ապրանքային նշանի գրանցման մասին որոշման դեմ բողոքների քննարկման ցանկացած փուլում:
2. Ապրանքային նշանի ցանկացած գրանցում, որը կատարվել է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, իրավատիրոջ դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի գրանցումների (այսուհետ՝ զատված գրանցումներ)` բաշխելով նախնական գրանցման մեջ թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները այդ գրանցումների միջև։ Այդպիսի զատումը թույլատրվում է՝
1) պետական լիազոր մարմնում իրականացվող ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է ապրանքային նշանի գրանցման դեմ երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների քննարկման հետ.
2) ցանկացած գործընթացի ժամանակ, որը կապված է նախորդող ընթացակարգով պետական լիազոր մարմնի ընդունած որոշման բողոքարկման հետ։
3. Զատված հայտերը և զատված գրանցումները պահպանում են սկզբնական հայտի կամ ապրանքային նշանի գրանցման թվականը և առաջնության թվականը, եթե այդպիսին կա։
4. Հայտի կամ ապրանքային նշանի զատման մասին դիմումի հետ ներկայացվում է նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։
5. Հայտը կամ ապրանքային նշանի գրանցումը համարվում է զատված՝ հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու թվականից։
6. Զատված գրանցումների մասին տեղեկությունները պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
7. Հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման մասին դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը։
8. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:
9. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտի կամ ապրանքային նշանի գրանցման զատման օգտին: