Հոդված 7. Փոխանցումներ
Հոդված 7. Փոխանցումներ
1. Յուրաքանչյուր Կողմ, իր պետության ազգային օրենսդրության համապատասխան, մյուս Կողմի պետության ներդրողների համար ապահովում է նրանց ներդրումների և ներդրումների հետ կապված վճարումների փոխանցում իր տարածք և իր տարածքից: Այսպիսի փոխանցումները կներառեն, մասնավորապես, սակայն ոչ բացառապես.
ա) նախնական կապիտալը և լրացուցիչ գումարներ` ներդրումների պահպանման կամ ավելացման համար,
բ) եկամուտները,
գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացված միջոցները,
դ) պայմանագրի համաձայն իրականացվող վճարումները` ներառյալ փոխառության վճարումը,
ե) 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն վճարման ենթակա փոխհատուցումը,
զ) վեճերի արդյունքում ստացված վճարումները,
է) ներդրման առնչությամբ արտասահմանից ներգրավված և աշխատող աշխատակազմի եկամուտները և այլ վարձատրությունները:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխանցումների իրականացումը ազատ փոխարկելի արժույթով` փոխանցման իրականացման օրը ներդրումն ընդունած Կողմի տարածքում գործող արտարժույթի շուկայական փոխարժեքով:
3. Արտարժույթի փոխանակման շուկայի բացակայության դեպքում օգտագործվող դրույքաչափը կլինի արտարժույթը Միջազգային արժութային հիմնադրամի Հատուկ փոխառության իրավունքի (Special Drawing Rigհts) փոխանակման ամենավերջին դրույքաչափը:
4. Չխախտելով սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույթները` յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանափակել փոխանցումը իր պետության օրենսդրության այն դրույթների արդար, անխտրական և բարեխիղճ կիրառման եղանակով, որոնք վերաբերում են.
ա) սնանկությանը, անվճարունակությանը կամ վարկառուի իրավունքների պաշտպանությանը,
բ) արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների թողարկմանը, առուվաճառքին կամ այլ գործառնություններին,
գ) իրավախախտումներին,
դ) ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը կամ փոխանցումների հաշվառման իրականացմանը, երբ անհրաժեշտություն է առաջանում օժանդակելու օրենքի կիրարկմանը կամ ֆինանսական վերահսկող մարմիններին,
ե) հրամանների կամ դատական և վարչական վարույթներում դատական որոշումների կատարման ապահովմանը,
զ) հարկային և այլ պարտադիր վճարումներ չկատարելուն: