Հոդված 5. Օտարում և փոխհատուցում
Հոդված 5. Օտարում և փոխհատուցում
1. Յուրաքանչյուր Կողմ չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով օտարի կամ ազգայնացնի մյուս Կողմի պետության ներդրողի ներդրումները կամ ձեռնարկի նմանատիպ այլ միջոցներ (այսուհետ՝ օտարում), բացառությամբ`
ա) պետության և հասարակության կարիքների համար,
բ) անխտրական եղանակով,
գ) պատշաճ օրինական ընթացակարգին համապատասխան,
դ) նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
2. Փոխհատուցումը պետք է`
ա) վճարվի առանց ուշացման: Ուշացման դեպքում տարադրամի փոխարժեքի հետ կապված կորուստը, որը նման ուշացման պատճառ է, պետք է կրի ընդունող Կողմը,
բ) լինի համարժեք օտարվող ներդրման արդար շուկայական արժեքին օտարմանը նախորդող օրվա դրությամբ: Արդար շուկայական արժեքը չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն` պայմանավորված նրանով, որ օտարման մասին նախօրոք հանրորեն հայտնի է դարձել,
գ) լինի ամբողջովին իրացվելի և ազատ փոխանցելի,
դ) պետք է ներառի վճարման արժույթի նկատմամբ շուկայական հիմունքներով հաստատված առևտրային տոկոսադրույքը օտարման օրվանից մինչև փաստացի վճարման օրը:
3. Յուրաքանչյուր Կողմի պետության ներդրող, որը հայտարարում է, որ տուժել է մյուս Կողմի օտարումից, պետք է ունենա վերջին Կողմի պետության դատական կամ այլ իրավասու և անկախ մարմնի կողմից իր գործի անհապաղ վերանայման իրավունք` ներառյալ, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իր ներդրումների գնահատումը և փոխհատուցումը: