Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-03-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 26 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

Հոդված 124. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը

գործել է մինչև 2003-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 124. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու իրավունք ունի առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

2. Առաջադրված թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դարձել այնպիսի փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատարան` որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռով նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:

(124-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։