Հոդված 53. Քվեարկության սկիզբը
Հոդված 53. Քվեարկության սկիզբը
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում) գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով: Ստորագրված քվեաթերթիկները և կնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է քաղաքացիների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկներ հատկացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), անդամներին, քվեաթերթիկները կնքող մեկ անդամին և քվեատուփի համար պատասխանատու մեկ անդամին, ինչպես նաև որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք կարող են փոխարինել հանձնաժողովի մյուս անդամներին նրանց ժամանակավոր բացակայության ընթացքում:
3. Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական տեղամասը բացված է հայտարարում, այնուհետև` հանձնաժողովի անդամների ներկայությամբ (կարող են ներկա գտնվելու նաև քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք) բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, և քվեաթերթիկների հաշվված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը` ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի հասցեները՝ քվեաթերթիկները կնքող անդամին` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:
(53-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)