Հոդված 133. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
Հոդված 133. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
1. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.
2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է մասնակիցների ձայների կեսից ավելին: Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում համայնքի ղեկավարի մանդատի բաշխումը կատարվում է վիճակահանությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ եթե ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
4. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.
2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը.
3) վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
6. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքների վերաբերյալ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում:
7. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
8. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
(133-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)