Հոդված 1
Հոդված 1
1. Ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է իր տարածքում ծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ։ Այդպիսի քաղաքացիություն շնորհվում է՝
(ա) ծնվելիս՝ օրենքի ուժով, կամ
(բ) շահագրգիռ անձի կողմից կամ նրա անունից համապատասխան մարմնին՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով։ Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ, նման ոչ մի դիմում չի կարող մերժվել։ Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը նախատեսում է իր քաղաքացիության շնորհումը սույն կետի (բ) ենթակետին համապատասխան, կարող է նախատեսել իր քաղաքացիության շնորհումն օրենքի ուժով այն տարիքում և այնպիսի պայմաններով, որոնք կսահմանվեն ներպետական օրենսդրությամբ։
2. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է իր քաղաքացիությունը շնորհել սույն հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետին համապատասխան հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով՝
(ա) որ դիմումը ներկայացվի այդ Պայմանավորվող պետության սահմանած ժամկետում, որն սկսվում է տասնութամյա հասակից ոչ ուշ և ավարտվում քսանմեկամյա հասակից ոչ շուտ, սակայն այնպես, որպեսզի շահագրգիռ անձին տրամադրվի առնվազն մեկ տարի, որի ընթացքում նա կարող է ինքը դիմում ներկայացնել՝ առանց դրա համար օրինական թույլտվություն ստանալու անհրաժեշտության,
(բ) որ շահագրգիռ անձը մշտապես բնակվի այդ Պայմանավորվող պետության տարածքում այդ պետության սահմանած ժամկետում, որը չպետք է գերազանցի դիմում ներկայացնելուն անմիջապես նախորդող հինգ տարին, իսկ ընդհանրապես չպետք է գերազանցի տասը տարին,
(գ) որ տվյալ անձը դատապարտված չլինի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար կամ քրեական մեղադրանքով դատապարտված չլինի ազատազրկման հինգ տարի կամ ավելի ժամկետով,
(դ) որ շահագրգիռ անձը միշտ քաղաքացիություն չունեցող անձ եղած լինի։
3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետի և 2-րդ կետի դրույթներին՝ որևէ Պայմանավորվող պետության տարածքում ամուսնությունից ծնված երեխան, որի մայրն ունի այդ պետության քաղաքացիությունը, ծնվելիս ձեռք է բերում այդ քաղաքացիությունը, այլապես նա կդառնա քաղաքացիություն չունեցող անձ։
4. Ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ և որը չի կարող ձեռք բերել այն Պայմանավորվող պետության քաղաքացիությունը, որի տարածքում ծնվել է՝ իր դիմումը ներկայացնելու տարիքից դուրս գալու կամ բնակության պահանջվող պայմանները չբավարարելու պատճառով, եթե այդ անձի ծնվելու ժամանակ նրա ծնողներից որևէ մեկն ունեցել է վերոհիշյալ Պայմանավորվող պետություններից առաջինի քաղաքացիությունը։ Եթե նրա ծնվելու ժամանակ նրա ծնողները չունեին միևնույն քաղաքացիությունը, այն հարցը, թե տվյալ անձի քաղաքացիությունը պետք է հետևի հոր, թե մոր քաղաքացիությանը, որոշվում է այդ Պայմանավորվող պետության ներպետական օրենսդրությամբ։ Եթե այդպիսի քաղաքացիության համար պահանջվում է դիմում ներկայացնել, դիմումը համապատասխան մարմնին դիմումատուի կողմից կամ նրա անունից ներկայացվում է այդ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սույն հոդվածի 5-րդ կետի դրույթների պահպանմամբ, նման դիմումը չի մերժվում։
5. Պայմանավորվող պետությունը կարող է իր քաղաքացիությունը շնորհել սույն հոդվածի 4-րդ կետի դրույթներին համապատասխան՝ հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով՝
(ա) որ դիմումը ներկայացվի նախքան դիմումատուի՝ այդ Պայմանավորվող պետության կողմից սահմանված տարիքին հասնելը, որը չպետք է ցածր լինի քսաներեք տարեկանից,
(բ) որ շահագրգիռ անձը մշտապես բնակվի այդ Պայմանավորվող պետության տարածքում այդ պետության սահմանած ժամկետի ընթացքում, որը չպետք է գերազանցի դիմում ներկայացնելուն անմիջապես նախորդող երեք տարին,
(գ) որ շահագրգիռ անձը միշտ քաղաքացիություն չունեցող անձ եղած լինի։