Հոդված 11
Հոդված 11
Ֆինանսական մեխանիզմ
1. Սույնով սահմանվում է ֆինանսական միջոցների անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրման մեխանիզմ, այդ թվում` տեխնոլոգիաների փոխանցման նպատակով: Այն գործում է Կողմերի Համաժողովի ղեկավարության ներքո և հաշվետու է իր առջև, որը սահմանում է մեխանիզմի քաղաքականությունը, ծրագրային առաջնայնությունները և սույն Կոնվենցիային առնչվող ընտրության չափանիշները: Դրա գործունեության ղեկավարումը ստանձնվում է մեկ կամ մի քանի գործող միջազգային մարմինների կողմից:
2. Ֆինանսական մեխանիզմը նախատեսում է բոլոր Կողմերի արդարացի և հավասարակշռված ներկայացուցչությունը ղեկավարման բաց համակարգի շրջանակներում:
3. Կողմերի Համաժողովը և ֆինանասական մեխանիզմի ղեկավարությունն իրականացնող մարմինը կամ մարմինները միմյանց միջև համաձայնեցնում են վերը նշված դրույթների իրագործման ընթացակարգերը, որոնք ներառում են.
ա/ Կողմերի Համաժողովի սահմանած քաղաքականությանը, ծրագրային առաջնայնություններին և ընտրության չափանիշներին կլիմայի փոփոխության ոլորտում ֆինանսավորվող ծրագրերի համապատասխանությունն ապահովող պայմանները,
բ/ այն պայմանները, որոնց առկայության դեպքում ֆինանսավորման վերաբերյալ ընդունված որոշումը կարող է վերանայվել` հաշվի առնելով այդ քաղաքականությունը, ծրագրային առաջնայնությունները և ընտրության չափանիշները,
գ/ մարմնի կամ մարմինների կողմից Կողմերի Համաժողովին իրենց ֆինանսական գործարքների վերաբերյալ զեկույցների պարբերաբար ներկայացումը, ինչը համապատասխանում է վերը նշված 1-ին կետով սահմանված` հաշվետվության պահանջներին,
դ/ կանխատեսելի և հատկանշելի եղանակով սույն Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ և առկա ֆինանսական միջոցների ծավալի որոշումը և այդ ծավալի պարբերաբար վերանայման համար անհրաժեշտ պայմանների սահմանումը:
4. Կողմերի Համաժողովը, ուսումնասիրության հիման վրա և հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակավոր մեխանիզմները, իր առաջին նիստին սահմանում է վերը նշված դրույթների կատարման ընթացակարգերը և որոշում է ընդունում այդ ժամանակավոր մեխանիզմների պահպանման նպատակահարմար լինելու մասին: Դրանից ոչ ուշ, քան չորս տարի հետո Կողմերի Համաժողովն իրականացնում է այդ ֆինանսական մեխանիզմի ուսումնասիրությունը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում:
5. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը սույն Կոնվենցիայի իրագործման նպատակով երկկողմանի, տարածաշրջանային և այլ բազմակողմանի ուղիների միջոցով կարող են նաև տրամադրել, իսկ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը` ընդունել, ֆինանսական միջոցներ: