Հոդված 3
Հոդված 3
Սկզբունքներ
Կոնվենցիայի նպատակի կենսագործմանն ու դրա դրույթների կատարմանն ուղղված իրենց գործունեության իրականացման ընթացքում Կողմերը ղեկավարվում են մասնավորապես հետևյալ սկզբունքներով:
1. Կողմերը պետք է պահպանեն կլիմայական համակարգը` ի շահ մարդկության ներկա և ապագա սերունդների` հավասարության հիմունքներին և իրենց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվության և իրենց առկա կարողություններին համապատասխան: Ուստի զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը պետք է առաջատար դերը տանեն կլիմայի փոփոխության և դրա բացասական հետևանքների դեմ պայքարում:
2. Անհրաժեշտ է լիովին հաշվի առնել զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի հատուկ կարիքները և հատուկ պայմանները. մանավանդ այն Կողմերի, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների առջև, ինչպես նաև այն Կողմերի, մասնավորապես, զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի, որոնք, սույն Կոնվենցիայի համաձայն, պետք է կրեն անհամաչափ կամ աննորմալ բեռ:
3. Կողմերը պետք է նախազգուշացնող միջոցներ ձեռնարկեն կլիմայի փոփոխության պատճառների կանխատեսման, կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև դրա բացասական հետևանքների մեղմացման նպատակով: Այնտեղ, որտեղ առկա է լուրջ կամ անդառնալի վնասի վտանգը, լիարժեք գիտական ճշգրտության պակասը չպետք է օգտագործվի որպես այդպիսի միջոցների իրականացման հետաձգման պատճառ` հաշվի առնելով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված քաղաքականությունն ու միջոցները պետք է տնտեսապես արդյունավետ լինեն` նվազագույն հնարավոր ծախսերով գլոբալ բարիքներ ապահովելու համար: Այս նպատակով այդպիսի քաղաքականության ու միջոցների մշակման և իրականացման ընթացքում պետք է հաշվի առնվեն սոցիալ-տնտեսական տարբեր պայմանները, այդ քաղաքականությունն ու միջոցները պետք է լինեն համապարփակ, ընդգրկեն ջերմոցային գազերի բոլոր համապատասխան աղբյուրները, կլանիչներն ու կուտակիչները, հարմարեցման միջոցները և տնտեսական բոլոր հատվածները: Կլիմայի փոփոխությանն արձագանքելուն ուղղված ջանքերը շահագրգիռ Կողմերը կարող են ձեռնարկել համատեղ հիմունքներով:
4. Կողմերն ունեն կայուն զարգացման իրավունք և պետք է նպաստեն դրան: Մարդածին փոփոխությունների հետևանքներից կլիմայական համակարգի պահպանության քաղաքականությունն ու միջոցները պետք է համապատասխանեն յուրաքանչյուր Կողմի որոշակի պայմաններին և պետք է համատեղվեն զարգացման ազգային ծրագրերի հետ, քանի որ տնտեսական զարգացումը կարևորագույն նշանակություն ունի կլիմայի փոփոխությանն արձագանքելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար:
5. Կողմերը պետք է համագործակցեն բարենպաստ և բաց միջազգային տնտեսական համակարգի ստեղծմանն օժանդակելու նպատակով, որը կբերի բոլոր Կողմերի, մանավանդ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի կայուն տնտեսական աճին և զարգացմանը` դրանով իսկ Կողմերին թույլ տալով ավելի արդյունավետ արձագանքել կլիմայի փոփոխության խնդիրներին: Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված միջոցները, այդ թվում` միակողմանի միջոցները, չպետք է կամայական կամ չհիմնավորված խտրականության կամ միջազգային առևտրի սահմանափակման սքողված սահմանափակման պատճառ հանդիսանան: