Հոդված 14
Հոդված 14
Վեճերի կարգավորում
1. Երկու կամ ավելի Կողմերի միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ իրագործման հետ կապված վեճերի ծագման դեպքում շահագրգիռ Կողմերը ձգտում են այդ վեճը կարգավորել բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, ցանկացած այլ խաղաղ միջոցով:
2. Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ կամ դրանցից հետո ցանկացած պահի տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության անդամ չհանդիսացող Կողմը կարող է գրավոր դիմում ներկայացնել ավանդապահին այն մասին, որ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ իրագործման հետ կապված ցանկացած վեճի դեպքում այն նույն պարտավորությունն ստանձնած ցանկացած այլ Կողմի նկատմամբ, առանց որևէ հատուկ համաձայնության և որպես ipsօ factօ, պարտադիր պայման է ճանաչում.
ա/ վեճերի փոխանցումը Միջազգային դատարանին, և/կամ
բ/ իրավարարությունը` Կողմերի Համաժողովի կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունման ենթակա` իրավարարության վերաբերյալ հավելվածում սահմանված ընթացակարգերին համապատասխան:
Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության անդամ հանդիսացող Կողմը կարող է հանդես գալ համանման հայտարարությամբ «բ» ենթակետում նշված ընթացակարգերին համապատասխան իրավարարության վերաբերյալ:
3. 2-րդ կետի համաձայն արված հայտարարությունը ուժի մեջ է մնում մինչև այդ հայտարարության մեջ նշված` դրա գործողության ժամկետի ավարտը կամ այն հետ վերցնելու մասին գրավոր ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու պահից երեք ամսվա ընթացքում:
4. Նոր հայտարարությունը, ինչպես նաև այն հետ վերցնելու կամ դրա գործողության ավարտի մասին ծանուցումը ոչ մի կերպ չեն ազդում Միջազգային դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերի վրա, եթե վեճի կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում:
5. 2-րդ կետի դրույթներին համապատասխան` եթե որևէ Կողմից մեկ այլ Կողմին դրանց միջև վեճի ծագման մասին ծանուցելու պահից տասներկու ամիսը լրանալուն պես շահագրգիռ կողմերը չեն կարողացել կարգավորել իրենց միջև ծագած վեճը 1-ին կետում նշված միջոցների օգնությամբ, ապա այդ վեճը, Կողմերից որևէ մեկի խնդրանքով, առաջադրվում է հաշտեցման ընթացակարգի համար:
6. Հաշտեցման հանձնաժողովը կազմավորվում է վեճի կողմերից որևէ մեկի խնդրանքով: Հանձնաժողովը կազմված է յուրաքանչյուր կողմից նշանակված հավասար թվով անդամներից և այդ անդամների կողմից ընտրված նախագահից: Հանձնաժողովը կայացնում է հանձնարարական որոշում և Կողմերը բարեխղճորեն քննարկում են այն:
7. Հաշտեցման հետ կապված լրացուցիչ ընթացակարգերը հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունվում են Կողմերի Համաժողովի կողմից` հաշտեցմանը վերաբերող հավելվածում:
8. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած համապատասխան իրավական փաստաթղթի նկատմամբ, որը կարող է ընդունել Կողմերի Համաժողովը, եթե այդ փաստաթղթով այլ բան նախատեսված չէ: