Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ*
Սույն Կոնվենցիայի իմաստով.
«Կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքները» ֆիզիկական միջավայրում կամ բիոտայում կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած այն փոփոխություններն են, որոնք զգալի բացասական ազդեցություն են գործում բնական և կառավարվող էկոհամակարգերի կառուցվածքի, վերարտադրման կարողության կամ արտադրողականության, սոցիալ-տնտեսական համակարգերի գործունեության կամ մարդու առողջության և բարեկեցության վրա:
«Կլիմայի փոփոխությունը» կլիմայի այնպիսի փոփոխություն է, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորված է գլոբալ մթնոլորտի բաղադրության մեջ փոփոխություններ առաջացնող մարդկային գործունեությամբ, և որը հավելվում է համեմատելի ժամանակահատվածների ընթացքում դիտարկվող կլիմայի բնական տատանումներին:
«Կլիմայական համակարգը» մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի և երկրոլորտի ամբողջությունն է և դրանց փոխգործակցությունը:
«Արտանետումները» ջերմոցային գազերի և/կամ դրանց պրեկուրսորների բացթողումներ են մթնոլորտի որոշակի շրջանի վրա և որոշակի ժամանակահատվածում:
«Ջերմոցային գազերը» մթնոլորտի ինչպես բնական, այնպես էլ արհեստական ծագում ունեցող այն գազանման բաղադրիչներն են, որոնք կլանում և վերարտացոլում են ինֆրակարմիր ճառագայթումը:
«Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը» տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների կողմից հիմնադրված կազմակերպություն է, որի իրավասություններն ընդգրկում են սույն Կոնվենցիայով և դրա արձանագրություններով կարգավորվող հարցերը, և որը պատշաճ կերպով, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, լիազորված է ստորագրել, վավերացնել, ընդունել և հաստատել համապատասխան փաստաթղթերը կամ միանալ դրանց:
«Կուտակիչը» կլիմայական համակարգի այն բաղադրիչն է կամ բաղադրիչներն են, որոնց մեջ տեղի է ունենում ջերմոցային գազի կամ ջերմոցային գազի պրեկուրսորի կուտակում:
«Կլանիչը» ցանկացած այն գործընթացն է, գործունեության տեսակը կամ մեխանիզմը, որը մթնոլորտից կլանում է ջերմոցային գազը, աերոզոլը կամ ջերմոցային գազի պրեկուրսորը:
«Աղբյուրը» ցանկացած այն գործընթացն է կամ գործունեության տեսակը, որի արդյունքում մթնոլորտ են մուտք գործում ջերմոցային գազը, աերոզոլը կամ ջերմոցային գազի պրեկուրսորը:
_______________________
* Հոդվածների անվանումները բերված են բացառապես ընթերցողին օգնելու համար: