Հոդված 12
Հոդված 12
Իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
1. Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր Կողմ Կողմերի Համաժողովին քարտուղարության միջոցով տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը.
ա/ Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող բոլոր ջերմոցային գազերի աղբյուրներից կատարվող մարդածին արտանետումների և կլանիչներով դրանց կլանման ազգային կադաստրը` այնքանով, որքանով թույլ են տալիս դրանց կարողությունները, կիրառելով Կողմերի Համաժողովի կողմից առաջարկվող և համաձայնեցման ենթակա համատեղելի մեթոդաբանությունները,
բ/ Կողմերի` ձեռնարկված կամ նախատեսված` Կոնվենցիայի իրագործմանն ուղղված միջոցների ընդհանուր նկարագրությունը, և
գ/ ցանկացած այլ տեղեկատվություն, որը Կողմը համարում է Կոնվենցիայի նպատակների իրագործմանն առնչվող և իր հաղորդագրության մեջ ընդգրկման համար տեղին, այդ թվում, հնարավորության դեպքում, արտանետումների գլոբալ միտումների հաշվարկներին առնչվող նյութերը:
2. Զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Կողմ և 1-ին հավելվածում ներառված յուրաքանչյուր այլ Կողմ իր հաղորդագրության մեջ ընդգրկում է հետևյալ տեղեկատվությունը.
ա/ իր կողմից` ի կատարումն 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պարտավորությունների իրականացվող քաղաքականության և միջոցների մանրամասն նկարագրությունը, և
բ/ այն ազդեցության գնահատականը, որը կգործի «ա» ենթակետում նշված քաղաքականությունն ու միջոցներն իր աղբյուրներից ջերմոցային գազերի մարդածին արտանետումների և դրանց կլանման վրա 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածում:
3. Բացի այդ` զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Կողմ և 2-րդ հավելվածում ներառված` զարգացած երկրների թվին դասվող յուրաքանչյուր այլ Կողմ մանրամասն տեղեկություններ են ընդգրկում 4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
4. Զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը կարող են կամավոր հիմունքներով ֆինանսավորման համար ծրագրեր առաջարկել, ներառյալ որոշակի տեխնոլոգիաները, նյութերը, սարքավորումները, մեթոդներն ու գործնական մոտեցումները, որոնք կպահանջվեն այդ ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև, ըստ դրանց կարողությունների` բոլոր լրացուցիչ ծախսերի նախահաշիվը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և կլանման բարձրացման գնահատականը և համապատասխան օգտակար արդյունքի գնահատականը:
5. Զարգացած երկիր հանդիսացող յուրաքանչյուր Կողմ և 1-ին հավելվածում ներառված յուրաքանչյուր այլ Կողմ իր առաջին հաղորդագրությունն ուղարկում է այդ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Նշված ցանկում չներառված յուրաքանչյուր Կողմ իր հաղորդագրությունն ուղարկում է այդ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, կամ էլ, 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Առավել թույլ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերն իրենց առաջին հաղորդագրությունները կարող են ուղարկել իրենց իսկ հայեցողությամբ: Կողմերի հետագա հաղորդագրությունների հաճախականությունը սահմանում է Կողմերի Համաժողովը` հաշվի առնելով սույն կետով սահմանված տարբերակված ժամանակացույցը:
6. Սույն հոդվածի համաձայն Կողմերի տրամադրած տեղեկատվությունը քարտուղարության կողմից առավել սեղմ ժամկետներում ուղարկվում է Կողմերի Համաժողովին և համապատասխան օժանդակ մարմիններին: Անհրաժեշտության դեպքում Կողմերի Համաժողովը կարող է ավելի մանրամասն ուսումնասիրել տեղեկատվության տրամադրման ընթացակարգերը:
7. Իր առաջին նիստից սկսած` Կողմերի Համաժողովը միջոցներ է ձեռնարկում զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին, իրենց խնդրանքով, տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերման ուղղությամբ` սույն հոդվածի համաձայն տրամադրվելիք տեղեկատվության հավաքման և տրամադրման, ինչպես նաև առաջարկվող ծրագրերի և 4-րդ հոդվածին համապատասխան արձագանքման միջոցների հետ կապված տեխնիկական և ֆինանսական կարիքների հատկորոշման ոլորտներում: Այդպիսի աջակցությունը կարող է նաև ըստ անհրաժեշտության ցուցաբերվել այլ Կողմերից, իրավասու միջազգային կազմակերպությունների և քարտուղարության կողմից:
8. Կողմերի Համաժողովի կողմից ընդունված ղեկավար սկզբունքներին համապատասխան և առաջինիս նախապես այդ մասին տեղյակ պահելու պայմանով` Կողմերի ցանկացած խումբ կարող է համատեղ հաղորդագրություն ներկայացնել` ի կատարումն սույն հոդվածով սահմանված պահանջների` պայմանով, որ այդ հաղորդագրության մեջ ներառված լինեն տեղեկություններ այդ Կողմերից յուրաքանչյուրի` Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների վերաբերյալ:
9. Քարտուղարության կողմից ստացված և Կողմերի Համաժողովի կողմից սահմանվելիք չափանիշներին համապատասխան որպես գաղտնի նշված տեղեկատվությունը գաղտնիության պահպանման նպատակով քարտուղարության կողմից միավորվում է մինչև այն տեղեկատվության տրամադրման և ուսումնասիրման որևէ մարմնին ներկայացնելը:
10. Սույն հոդվածի 9-րդ կետի համաձայն և առանց ցանկացած պահի իր հաղորդագրությունը հրապարակելու Կողմին վերագրված իրավունքը խախտելու` քարտուղարությունը, սույն հոդվածին համապատասխան, հրապարակում է Կողմերի հաղորդագրությունները դրանք Կողմերի Համաժողովին ներկայացնելու պահին: