Հոդված 4
Հոդված 4
Պարտավորություններ
1. Բոլոր Կողմերը, նկատի առնելով իրենց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և ազգային կամ տարածաշրջանային զարգացման իրենց որոշակի առաջնայնությունները, նպատակներն ու պայմանները.
ա/ մշակում, պարբերաբար թարմացնում, հրապարակում և, 12-րդ հոդվածին համապատասխան, Կողմերի Համաժողովին են ներկայացնում Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող բոլոր ջերմոցային գազերի աղբյուրներից կատարվող մարդածին արտանետումների և կլանիչների կողմից դրանց կլանման ազգային կադաստրները` Կողմերի Համաժողովի կողմից համաձայնեցման ենթակա համատեղելի մեթոդաբանությունների կիրառմամբ,
բ/ ձևակերպում, իրականացնում, հրապարակում և պարբերաբար թարմացնում են ազգային և, համապատասխան դեպքերում, տարածաշրջանային ծրագրերը, որոնք ընդգրկում են Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող բոլոր ջերմոցային գազերի աղբյուրներից կատարվող մարդածին արտանետումների և կլանիչների կողմից դրանց կլանման խնդրի լուծման միջոցով կլիմայի փոփոխության հետևանքների անցկացմանն ուղղված և կլիմայի փոփոխությանը համապատասխան կերպով հարմարեցմանը նպաստող միջոցներ,
գ/ օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող ջերմոցային գազերի մարդածին արտանետումների սահմանափակմանը, նվազեցմանը կամ դադարեցմանը բերող տեխնոլոգիաների, մեթոդների և գործընթացների մշակման, կիրառման, տարածման, այդ թվում` փոխանցման գործում` համապատասխան բոլոր ոլորտներում` ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և թափոնների հեռացումը,
դ/ նպաստում են Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող բոլոր ջերմոցային գազերի կլանիչների և կուտակիչների, այդ թվում` կենսազանգվածի, անտառների, օվկիանոսների ու ցամաքային, առափնյա և ծովային այլ էկոհամակարգերի կայուն կառավարմանը, ինչպես նաև համապատասխան դեպքերում օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են դրանց պահպանության և որակի բարձրացման գործում,
ե/ համագործակցում են կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելուն նախապատրաստվելու գործում. մշակում և զարգացնում են առափնյա գոտում տնտեսության կառավարման, ջրային պաշարներին ու գյուղատնտեսությանն առնչվող, երաշտից ու անապատացումից տուժած շրջանների, մասնավորապես, Աֆրիկայում գտնվող շրջանների պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված համապատասխան համալիր ծրագրեր,
զ/ իրենց համապատասխան սոցիալական, տնտեսական և բնապահպանական քաղաքականության և միջոցառումների իրականացման ժամանակ հնարավորին չափ հաշվի են առնում կլիմայի փոփոխության հետ կապված նկատառումները և կիրառում են համապատասխան մեթոդները, օրինակ` հետևանքների գնահատումը` ձևակերպված և սահմանված ազգային մակարդակի վրա, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման կամ դրան հարմարվելու նպատակով դրանց կողմից իրականացվող ծրագրերի կամ միջոցառումների բացասական ազդեցությունը տնտեսության, հասարակության առողջության և շրջակա միջավայրի որակի վրա նվազեցնելու համար,
է/ օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են գիտական, տեխնոլոգիական, տեխնիկական, սոցիալ-տնտեսական և այլ հետազոտությունների իրականացման, համակարգված դիտարկումների և կլիմայական համակարգի հետ կապված ու գիտելիքների խորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության պատճառների, հետևանքների, ծավալների և ժամկետների վերաբերյալ և արձագանքման տարբեր ռազմավարությունների տնտեսական և սոցիալական հետևանքների առնչությամբ մնացյալ անորոշությունների նվազեցման կամ վերացման գործում,
ը/ օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են կլիմայական համակարգի և կլիմայի փոփոխության, ինչպես նաև արձագանքման տարբեր ռազմավարությունների տնտեսական և սոցիալական հետևանքների հետ կապված համապատասխան գիտական, տեխնոլոգիական, տեխնիկական և սոցիալ-տնտեսական բնույթի տեղեկատվության լիարժեք, բաց և օպերատիվ փոխանակման գործում,
թ/ օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են կլիմայի փոփոխության հարցերով կրթության, կադրերի պատրաստման և բնակչության իրազեկման գործում և խրախուսում են ամենալայն մասնակցությունն այդ գործընթացին, այդ թվում` ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը, և
ժ/ 12-րդ հոդվածին համապատասխան` Կողմերի Համաժողովին են ուղղում իրականացման վերաբերյալ տեղեկատվություն:
2. Զարգացած պետություններ հանդիսացող Կողմերը և 1-ին հավելվածում ընդգրկված Կողմերն ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
ա/ այդ Կողմերից յուրաքանչյուրն իրականացնում է իր ազգային քաղաքականությունը* և համապատասխան միջոցներ է ձեռնարկում` իր տարածքում ջերմոցային գազերի մարդածին արտանետումների սահմանափակման և ջերմոցային գազերի` իր կլանիչների ու կուտակիչների որակի բարձրացման միջոցով կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման նպատակով: Այդ քաղաքականությունն ու միջոցները կցուցադրեն զարգացած երկրների առաջնորդությունը սույն Կոնվենցիային համապատասխան մարդածին արտանետումների առումով երկարաժամկետ միտումների փոփոխման գործում` գիտակցելով այն փաստը, որ մինչև այս տասնամյակի վերջը ածխածնի երկօքսիդի և Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող այլ ջերմոցային գազերի մարդածին արտանետումների նախկին ցուցանիշներին վերադառնալը կնպաստի այդպիսի փոփոխմանը և, հաշվի առնելով այդ Կողմերի ելակետների և մոտեցումների, ինչպես նաև դրանց տնտեսական կառուցվածքների և պաշարների բազաների մեջ առկա տարբերություները, տնտեսական աճի բարձր և կայուն ցուցանիշների պահպանման կարևորությունը, առկա տեխնոլոգիաները և այլ առանձին պայմանները, ինչպես նաև տվյալ նպատակի իրագործմանն ուղղված գլոբալ ջանքերի մեջ այդ Կողմերից յուրաքանչյուրի հավասար և համապատասխան ներդրման անհրաժեշտությունը: Այդ Կողմերը կարող են այդպիսի քաղաքականություն ու միջոցներ իրականացնել այլ Կողմերի հետ համատեղ և աջակցություն ցուցաբերել դրանց սույն Կոնվենցիայի, այդ թվում` սույն ենթակետի նպատակների իրագործման մեջ ներդրում կատարելու գործում.
բ/ այս ուղղությամբ առաջընթաց ապահովելու նպատակով Կողմերից յուրաքանչյուրը, 12-րդ հոդվածին համապատասխան, իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, իսկ հետագայում` կանոնավոր հիմունքներով, մանրամասն տեղեկություններ է տրամադրում «ա» ենթակետում նշված իր քաղաքականության և միջոցների, ինչպես նաև դրանց հետ կապված աղբյուրներից` 1990 թ. Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող ջերմոցային գազերի կանխատեսվող մարդածին արտանետումների և դրանց կլանման վերաբերյալ: Կողմերի Համաժողովն այդ տեղեկատվությունը ուսումնասիրման կենթարկի իր առաջին նիստում, իսկ հետագայում նման ուսումնասիրություններ կանցկացնի կանոնավոր հիմունքներով` 7-րդ հոդվածին համապատասխան.
գ/ «բ» ենթակետի նպատակների համար աղբյուրներից ջերմոցային գազերի արտանետումների և կլանման ծավալների հաշվարկման համար անհրաժեշտ է նկատի առնել առկա լավագույն գիտական գիտելիքները, այդ թվում` կլանիչների փաստացի տարողության և կլիմայի փոփոխության տեսակետից այդ գազերի համապատասխան ազդեցության վերաբերյալ: Կողմերի Համաժողովն իր առաջին նիստում քննարկում և համաձայնեցնում է այդ հաշվարկների մեթոդաբանությունները, իսկ հետագայում դրանք քննարկում է կանոնավոր հիմունքներով.
դ/ Կողմերի Համաժողովն իր առաջին նիստում քննարկման է ենթարկում «ա» և «բ» ենթակետերի համապատասխանությունը: Այդ քննարկումն անցկացվում է` հաշվի առնելով առկա լավագույն գիտական տեղեկատվությունն ու կլիմայի փոփոխության և դրա հետևանքների գնահատականը, ինչպես նաև համապատասխան տեխնիկական, սոցիալական և տնտեսական բնույթի տեղեկատվությունը: Այդ քննարկման հիման վրա Կողմերի Համաժողովը ձեռնարկում է համապատասխան գործողություններ, որոնք կարող են ընդգրկել «ա» և «բ» ենթակետերով սահմանված պարտավորություններում փոփոխությունների կատարումը: Կողմերի Համաժողովն իր առաջին նիստում նաև որոշումներ է ընդունում համատեղ իրականացման չափանիշների վերաբերյալ, ինչպես նշված է «ա» ենթակետում: «ա» և «բ» ենթակետերի երկրորդ քննարկումը կանցկացվի 1998թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ, իսկ հետագայում` Կողմերի Համաժողովի կողմից սահմանաված հաճախականությամբ` մինչև սույն Կոնվենցիայի նպատակների իրականացումը.
ե/ այդ Կողմերից յուրաքանչյուրը.
i. անհրաժեշտության դեպքում այդպիսի այլ Կողմերի հետ համատեղ համադրում է սույն Կոնվենցիայի նպատակների իրագործման նպատակով մշակված համապատասխան տնտեսական և վարչարարական փաստաթղթերը,
ii. սահմանում և պարբերաբար նորացնում է սեփական քաղաքականությունն ու գործնական մեթոդները, որոնք նպաստում են Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող ջերմոցային գազերի մարդածին արտանետումների ավելի բարձր ցուցանիշների բերող գործունեությունը, քան հակառակ դեպքում արձանագրվողներն են.
զ/ Կողմերի Համաժողովը ոչ ուշ, քան մինչև 1998թ. դեկտեմբերի 31-ը ուսումնասիրում է առկա տեղեկատվությունը 1-ին և 2-րդ հավելվածներում ներառված ցանկերում շահագրգիռ Կողմի համաձայնությամբ այնպիսի փոփոխություններ կատարելու որոշումներ ընդունելու նպատակով, որոնք կարող են անհրաժեշտ լինել.
է/ 1-ին հավելվածում չներառված ցանկացած Կողմ կարող է իր վավերագրում, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթում կամ հետագայում` ցանկացած այլ ժամանակ, ավանդապահին ծանուցել «ա» և «բ» ենթակետերով սահմանված պարտավորությունները ստանձնելու մտադրության մասին: Ավանդապահը Կոնվենցիան ստորագրողներին և այլ Կողմերին տեղեկացնում է ցանկացած այդպիսի ծանուցման մասին:
3. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը և զարգացած պետությունների թվին պատկանող` 2-րդ հավելվածում ներառված այլ Կողմերը նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացնում զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պարտավորությունների կատարման հետ կապված բոլոր համաձայնեցված ծախսերը հոգալու նպատակով: Նրանք նաև հատկացնում են այնպիսի ֆինանսական միջոցներ, այդ թվում` զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին տեխնոլոգիաներ տրամադրելու համար անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղվում են սույն հոդվածի 1-ին կետում ներառված միջոցների իրականացման հետ կապված լրացուցիչ համաձայնեցված բոլոր ծախսերը հոգալուն և համաձայնեցված են զարգացող երկիր հանդիսացող Կողմի և 11-րդ հոդվածում նշված միջազգային մարմնի կամ մարմինների միջև` սույն հոդվածին համապատասխան: Այդ պարտավորությունների կատարման ժամանակ հաշվի է առնվում միջոցների հոսքի համապատասխանության և կանխատեսելիության ապահովման անհրաժեշտությունը և զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի միջև բեռան համապատասխան բաշխման կարևորությունը:
4. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը և զարգացած պետությունների թվին պատկանող` 2-րդ հավելվածում ներառված այլ Կողմերն աջակցություն են ցուցաբերում զարգացող երկրներ հանդիսացող այն Կողմերին, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների առջև` այդ բացասական հետևանքներին հարմարվելու հետ կապված ծախսերը հոգալու համար:
5. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը և զարգացած պետությունների թվին պատկանող` 2-րդ հավելվածում ներառված այլ Կողմերը ձեռնարկում են բոլոր գործնական քայլերը` այլ Կողմերին, մասնավորապես, զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների և «նոու-հաու»-ի փոխանցմանն ու դրանց մատչելիության ապահովմանն օժանդակելու, այն հեշտացնելու և համապատասխան դեպքերում նաև ֆինանսավորելու ուղղությամբ, որպեսզի հնարավորություն ընձեռվի կատարելու սույն Կոնվենցիայի դրույթները: Այս գործընթացում զարգացած երկրներ հանդիսացող Կողմերն օժանդակում են զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի ազգային ներուժի և տեխնոլոգիաների զարգացմանն ու ամրապնդմանը: Այլ Կողմերն ու կազմակերպությունները, որոնք իրավասու են այդպես գործել, նույնպես կարող են աջակցություն ցուցաբերել այդպիսի տեխնոլոգիաների փոխանցմանը նպաստելու գործում:
6. Կողմերի Համաժողովը որոշակի ճկունությամբ կմոտենա 1-ին հավելվածում ներառված` շուկայական տնտեսությանն անցնող Կողմերին 2-րդ ենթակետով սահմանված պարտավորությունների կատարման ընթացքում, որպեսզի ամրապնդվեն կլիմայի փոփոխության հետ կապված հիմնախնդիրներով զբաղվելու նրանց կարողությունները, այդ թվում` հաշվի առնելով Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող ջերմոցային գազերի մարդածին արտանետումների պատմական մակարդակը` ընդունված որպես ելակետային ցուցանիշ:
7. Զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի` Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարման արդյունավետության աստիճանը կախված կլինի զարգացած երկրներ հանդիսացող Կողմերի` ֆինանսական միջոցների հատկացման և տեխնոլոգիաների փոխանցման հետ կապված Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների արդյունավետ կատարումից, ընդ որում, լիարժեք կերպով հաշվի է առնվելու այն փաստը, որ տնտեսական և սոցիալական զարգացումն ու աղքատության վերացումը զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի հիմնական և գերակշռող առաջնայնություններն են հանդիսանում:
8. Սույն հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելիս Կողմերը լիարժեք կերպով ուսումնասիրում են այն հարցը, թե Կոնվենցիային համապատասխանող ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել, ներառյալ ֆինանսավորման, ապահովագրման և տեխնոլոգիաների փոխանցման հետ կապված միջոցները, կլիմայի փոփոխության բացասական հետևանքների և/կամ արձագանքման միջոցառումների իրականացման արդյունքում զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի մոտ առաջացած որոշակի կարիքները և մտավախությունը հաշվի առնելու համար, մասնավորապես, դա վերաբերում է`
ա/ կղզիների վրա գտնվող փոքր երկրներին,
բ/ ցածրադիր առափնյա շրջաններ ունեցող երկրներին,
գ/ երաշտահար կամ կիսաերաշտահար և անտառածածկ շրջաններ, ինչպես նաև ոչնչացող անտառներով շրջաններ ունեցող երկրներին,
դ/ տարերային աղետների ենթարկվող շրջաններ ունեցող երկրներին,
ե/ երաշտի և անապատացման ենթարկվող շրջաններ ունեցող երկրներին,
զ/ քաղաքային շրջաններում մթնոլորտային բարձր աղտոտման ենթարկվող շրջաններ ունեցող երկրներին,
է/ խոցելի էկոհամակարգերով, այդ թվում` լեռնային շրջանների էկոհամակարգերով շրջաններ ունեցող երկրներին,
ը/ այն երկրներին, որոնց տնտեսությունը մեծապես կախված է հանածո վառելիքի տեսակների և դրանց հետ կապված էներգատար արտադրատեսակների արտադրության, վերամշակման, արտահանման և/կամ սպառման արդյունքում ստացվող եկամուտներից,
թ/ դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրներին:
Հետագայում Կողմերի Համաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է միջոցներ ձեռնարկել սույն կետի առնչությամբ:
9. Կողմերը լիարժեք կերպով հաշվի են առնում առավել ցածր զարգացած պետությունների` ֆինանսավորման և տեխնոլոգիաների փոխանցման հետ կապված որոշակի կարիքներն ու հատուկ պայմանները:
10. Սույն Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունները կատարելիս Կողմերը, 10-րդ հոդվածին համապատասխան, հաշվի են առնում այն Կողմերի դրությունը, մասնավորապես, զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի դրությունը, որոնց տնտեսությունը խոցելի է կլիմայի փոփոխությանն արձագանքելու միջոցների իրականացման բացասական հետևանքների առջև: Հիմնականում դա վերաբերում է այն Կողմերին, որոնց տնտեսությունը մեծապես կախված է հանածո վառելիքի տեսակների և դրանց հետ կապված էներգատար արտադրատեսակների արտադրության, վերամշակման, արտահանման և/կամ սպառման արդյունքում ստացվող եկամուտներից, և/կամ հանածո վառելիքի տեսակների սպառման այնպիսի եղանակներից, որոնց փոփոխման կամ այլ եղանակների անցնելու դեպքում այդպիսի Կողմերը լուրջ դժվարությունների առջև կհայտնվեն:
___________________________
* Այն ընդգրկում է տնտեսկան ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող քաղաքականությունն ու միջոցները: