Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Կողմերի Համաժողովը

1. Սույնով հիմնադրվում է Կողմերի Համաժողով:

2. Կողմերի Համաժողովը, հանդիսանալով սույն Կոնվենցիայի գերագույն մարմինը, պարբերաբար ուսումնասիրում է Կոնվենցիայի և դրա հետ կապված` Կողմերի Համաժողովի կողմից ընդունված ցանկացած իրավական փաստաթղթի կատարման հետ կապված խնդիրները և իր լիազորությունների շրջանակներում ընդունում է Կոնվենցիայի արդյունավետ իրագործմանը նպաստելուն ուղղված որոշումներ: Այդ նպատակով Կողմերի Համաժողովը.

ա/ պարբերաբար քննության է ենթարկում Կողմերի պարտավորությունները և Կոնվենցիայով նախատեսված վարչական մեխանիզմները Կոնվենցիայի նպատակների, դրա իրագործման ընթացքում կուտակված փորձի և գիտատեխնիկական գիտելիքների զարգացման տեսանկյունից,

բ/ խրախուսում և օժանդակում է կլիմայի փոփոխության և դրա հետևանքներին արձագանքման` Կողմերի ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը` հաշվի առնելով Կողմերի պայմանների, պարտականությունների և կարողությունների մեջ տարբերությունները և սույն Կոնվենցիայով սահմանված նրանց պարտավորությունները,

գ/ երկու կամ ավելի Կողմերի խնդրանքով` օժանդակում է նրանց կողմից կլիմայի փոփոխության և դրա հետևանքներին արձագանքման նպատակով իրականացվող միջոցների համադրմանը` հաշվի առնելով Կողմերի պայմանների, պարտականությունների և կարողությունների տարբերությունները և Կոնվենցիայով սահմանված նրանց պարտավորությունները,

դ/ սույն Կոնվենցիայի նպատակներին և դրույթներին համապատասխան` աջակցում և ղեկավարում է Կողմերի Համաժողովի կողմից համաձայնեցման ենթակա համեմատելի մեթոդաբանությունների մշակման և պարբերական թարմացման աշխատանքները, մասնավորապես, աղբյուրներից ջերմոցային գազերի արտանետումների և կլանիչներով դրանց կլանման կադաստրներ պատրաստելու և այդ գազերի արտանետումների սահմանափակմանն ու կլանման աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցների արդյունավետության գնահատման նպատակով,

ե/ Կոնվենցիայի դրույթների համաձայն իրեն տրամադրված ամբողջ տեղեկատվության հիման վրա գնահատական է տալիս սույն Կոնվենցիային համապատասխան իրականացված միջոցների ընդհանուր հետևանքներին, մասնավորապես, բնապահպանական, տնտեսական և սոցիալական հետևանքներին, ինչպես նաև դրանց միասնական ազդեցությանը և Կոնվենցիայի նպատակների իրագործման մեջ տեղի ունեցած առաջընթացին,

զ/ ուսումնասիրում և հաստատում է սույն Կոնվենցիայի իրագործման վերաբերյալ պարբերական զեկույցները և ապահովում է դրանց հրապարակումը,

է/ առաջարկություններ է ներկայացնում սույն Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ ցանկացած հարցի առնչությամբ,

ը/ 4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերին, ինչպես նաև 11-րդ հոդվածին համապատասխան` ձգտում է մոբիլիզացնել ֆինանսական աղբյուրները,

թ/ ստեղծում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք կարող են անհրաժեշտ համարվել սույն Կոնվենցիայի իրագործման համար,

ժ/ ուսումնասիրում է օժանդակ մարմինների կողմից ներկայացված զեկույցները և իրականացնում է դրանց գործունեության ղեկավարությունը,

ժա/ համաձայնեցնում և փոխադարձ համաձայնությամբ ընդունում է իր և ցանկացած օժանդակ մարմնի ընթացակարգի և ֆինանսական կանոնները,

ժբ/ անհրաժեշտության դեպքում հայցում և օգտագործում է համապատասխան միջազգային կազմակերպությունների և միջկառավարական և ոչ կառավարական մարմինների ծառայություններն ու համագործակցությունը և օգտագործում է նրանց կողմից տրամադրված տեղեկատվությունը, և

ժգ/ իրականացնում է սույն Կոնվենցիայի նպատակների իրագործման համար անհրաժեշտ ցանկացած այլ գործառույթ, ինչպես նաև Կոնվենցիայի համաձայն իր ստանձնած այլ գործառույթ:

3. Կողմերի Համաժողովն իր առաջին նիստում ընդունում է իր ընթացակարգի կանոնները, ինչպես նաև սույն Կոնվենցիայի համաձայն ստեղծված իր օժանդակ մարմինների ընթացակարգի կանոնները, որոնք ներառում են այնպիսի հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ընթացակարգերը, որոնք ներառված չեն սույն Կոնվենցիայով նախատեսված որոշումների ընդունման ընթացակարգերի մեջ:

4. Կողմերի Համաժողովի առաջին նիստը գումարվում է 21-րդ հոդվածում նշված ժամանակավոր քարտուղարության կողմից, և անցկացվում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո: Հետագայում Կողմերի Համաժողովի հերթական նիստերն անցկացվում են տարին մեկ անգամ, եթե Կողմերի Համաժողովն այլ կերպ չի որոշում:

5. Կողմերի Համաժողովի արտահերթ նիստերը գումարվում են այնպիսի ժամկետներում, որոնք Համաժողովն անհրաժեշտ է համարում, կամ էլ Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի հիման վրա` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ դիմումն այլ Կողմերին ուղղելուց հետո վեց ամսվա ընթացքում դրան կմիանա Կողմերի ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երրորդը:

6. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատություններն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև այդ կազմակերպությունների անդամ հանդիսացող կամ դիտորդի կարգավիճակ ունեցող, սակայն սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն կարող են ներկայացված լինել Կողմերի Համաժողովում` որպես դիտորդներ: Ցանկացած մարմին կամ գործակալություն, լինի դա ազգային թե միջազգային, կառավարական թե ոչ կառավարական, որն իրավասու է սույն Կոնվենցիայի գործողության ոլորտին առնչվող հարցերում, և որը քարտուղարությանն է հայտնում Կողմերի Համաժողովում որպես դիտորդ ներկայացված լինելու իր ցանկության մասին, կարող է մասնակցելու թույլտվության ստանալ` պայմանով, որ այդ մասնակցության դեմ հանդես չի գա ներկա գտնվող Կողմերի թվի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների մասնակցության թույլտվությունն ու մասնակցությունը կարգավորվում են Կողմերի Համաժողովի կողմից ընդունված ընթացակարգի կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։