Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.2-րդ հոդվածով`
«Հոդված 16.2.
Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային մարմնում բացված անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տուգանքների կրկնապատկման կամ ժամկետների հաշվառման մասով): Սույն պարբերության կիրառման իմաստով անձնական հաշվի քարտերի միջև մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման ամսաթվից), իսկ մինչև վերակազմակերպման գրանցման օրը հարկային մարմիններին ներկայացված հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում (այսուհետ սույն հոդվածում` հաշվարկ) ճշգրտումները կատարվում են (ճշտված հաշվարկները ներկայացվում են) անկախ փոխանցման ակտերում կամ բաժանիչ հաշվեկշիռներում փոփոխություններ կատարելու հանգամանքից:
Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավանախորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) ավարտվել է` անկախ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետներից:
Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) դեռ չի ավարտվել:
Իրավահաջորդ իրավաբանական անձի կողմից իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար ներկայացվող հաշվարկներում (այդ թվում` ճշտված) պարտադիր նշվում է իրավանախորդ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:
Իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող անձնական հաշվի քարտերում հետագայում վերահաշվարկներ կատարվելու դեպքում (ճշտված հաշվարկների, ստուգումների կամ վերստուգումների, գանգատարկման հանձնաժողովի որոշումների, դատարանի որոշումների հիման վրա կամ օրենքի ուժով) կատարվում է նաև անձնական հաշվի քարտերի միջև տեղափոխված մնացորդների փոփոխություն, այնուհետև իրավահաջորդ իրավաբանական անձի անձնական հաշվի քարտերում կատարվում են համապատասխան վերահաշվարկներ:»: