Հոդված 14
Հոդված 14
Թմրամիջոցներ պարունակող բույսերի ապօրինի մշակման և թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ ապօրինի պահանջարկի վերացմանն ուղղված միջոցներ
1. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կիրառվող միջոցները պետք է լինեն ոչ պակաս խիստ, քան 1961 թվականի՝ Կոնվենցիայով, այդ Կոնվենցիայով` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի՝ Կոնվենցիայով նախատեսված` թմրամիջոցներ պարունակող բույսերի ապօրինի մշակման և թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ ապօրինի պահանջարկի վերացմանն ուղղված միջոցների կիրառմանն առնչվող դրույթները:
2. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող այնպիսի բույսերի ապօրինի մշակման կանխարգելման և ոչնչացման համար, ինչպիսիք են ափիոնի խաշխաշը, կոկաինի թուփը և կանեփ բույսը, որոնց ապօրինի մշակումը կատարվում է իր տարածքում: Այդպիսի միջոցների կիրառման ժամանակ պահպանվում են մարդու հիմնական իրավունքները և պատշաճ կերպով հաշվի են առնվում նման բույսերի օրինական օգտագործման ավանդական ձևերը, երբ առկա են այդպիսի օգտագործումը հաստատող պատմական փաստեր, ինչպես նաև հաշվի է առնվում շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը:
3. /ա/ Կողմերը կարող են համագործակցել ապօրինի մշակման վերացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այդ համագործակցությունը կարող է, մասնավորապես, իր մեջ ներառել, երբ նպատակահարմար է, գյուղական շրջանների համալիր զարգացմանն ուղղված օժանդակություն, ինչը տնտեսապես արդյունավետ այլընտրանքներ կստեղծի ապօրինի մշակմանը: Մինչև գյուղական շրջանների զարգացմանն ուղղված նման ծրագրեր իրականացնելը, անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են շուկաների մատչելիությունը, ռեսուրսների առկայությունը և առկա սոցիալ-տնտեսական պայմանները: Կողմերը կարող են պայմանավորվել փոխադարձ համագործակցության շրջանակներում ցանկացած այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասին:
/բ/ Կողմերը նաև նպաստում են միմյանց միջև գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը և ապօրինի մշակման վերացման ոլորտում հետազոտությունների կազմակերպմանն ու անցկացմանը:
/գ/ Այն դեպքերում, երբ Կողմերը ընդհանուր սահման ունեն, նրանք ձգտում են համագործակցել այդ սահմաններին հարող շրջաններում ապօրինի մշակման վերացման ծրագրերի իրականացման շրջանակներում:
4. Մարդկային տառապանքների նվազեցման և ապօրինի շրջանառության ֆինանսական խթանների վերացման նպատակով, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ուղղված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ ապօրինի պահանջարկի վերացմանը կամ նվազեցմանը: Այդ միջոցները կարող են իրականացվել, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության այնպիսի մասնագիտացված մարմինների, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և այլ իրավասու միջազգային կազմակերպությունների հանձնարարականների հիման վրա, ինչպես նաև 1987 թվականին կայացած` թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովին ընդունված Համապարփակ միջճյուղային ծրագրի հիման վրա` որքանով այն առնչվում է թմրամոլության նախապահպանության, ինչպես նաև թմրամոլների բուժման և նրանց աշխատունակության վերականգնման ոլորտներում գործող պետական հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին և անհատներին: Կողմերը կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ ձեռք բերել պայմանավորվածություններ` ուղղված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ պահանջարկի վերացմանը կամ նվազեցմանը:
5. Կողմերը կարող են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կալանքի տակ առնված կամ բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի շուտափույթ ոչնչացման կամ օրինական օգտագործման, ինչպես նաև այդպիսի նյութերի պատշաճ կերպով հավաստագրված անհրաժեշտ քանակությունները որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության ապահովման համար: