Հոդված 12
Հոդված 12
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար հաճախակի օգտագործվող նյութեր
1. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված այն նյութերի հոսակորուստի կանխարգելման համար, որոնք օգտագործվում են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար, և այդ նպատակով համագործակցում են միմյանց հետ:
2. Եթե Կողմը կամ Կոմիտեն ունի այնպիսի տեղեկություններ, որոնք, առաջիններիս կարծիքով, կարող են պահանջել 1-ին կամ 2-րդ աղյուսակում որևէ նյութի ընդգրկումն, ապա նա այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին և նրան տրամադրում նշված ծանուցումը հիմնավորող տեղեկություններ: Սույն հոդվածի 2-ից 7-րդ կետերով սահմանված կարգը կիրառվում է նաև այն դեպքում, եթե Կողմը կամ Կոմիտեն ունեն տեղեկություններ, որոնք արդարացնում են որևէ նյութի հեռացումը 1-ին կամ 2-րդ աղյուսակների ցանկերից կամ այդ նյութի տեղափոխումը մեկ ցանկից մյուսը:
3. Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումն, ինչպես նաև իր կարծիքով տվյալ գործին առնչվող բոլոր տեղեկություններն, ուղղում է Կողմերին, Հանձնաժողովին և, եթե որևէ Կողմից այս առնչությամբ ծանուցում է ներկայացվում, Կոմիտեին: Կողմերը Գլխավոր քարտուղարին ներկայացնում են ծանուցման վերաբերյալ իրենց նկատողությունները և այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել Կոմիտեին` գնահատական տալու համար և Հանձնաժողովին` որոշում կայացնելու համար:
4. Եթե Կոմիտեն, հաշվի առնելով այդպիսի նյութի օրինական օգտագործման շրջանակները, նշանակությունը և բազմազանությունն, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օրինական նպատակներով օգտագործման և դրանց ապօրինի արտադրության համար այլընտրանքային միջոցների օգտագործման հնարավորությունները և դյուրինությունը, համարում է, որ
/ա/ տվյալ նյութը հաճախակի օգտագործվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար,
/բ/ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության ծավալները սոցիալական և առողջապահական լուրջ հիմնախնդիրներ են առաջացնում, ինչը հիմք է հանդիսանում միջազգային մակարդակի վրա միջոցներ ձեռնարկելու համար,
ապա Կոմիտեն Հանձնաժողովին հայտնում է տվյալ նյութի գնահատման արդյունքները` ներառյալ օրինական օգտագործման նպատակով 1-ին կամ 2-րդ աղյուսակում այդ նյութն ընդգրկելու, ինչպես նաև այդ նյութի ապօրինի արտադրության հնարավոր հետևանքները, և, գնահատման արդյունքների հիման վրա, առաջարկություններ է ներկայացնում հսկողության իրականացման անհրաժեշտ միջոցների կիրառման վերաբերյալ:
5. Հանձնաժողովը, հաշվի առնելով Կողմերի, ինչպես նաև Կոմիտեի նկատողություններն ու առաջարկությունները, որի գնահատականը որոշիչ նշանակություն ունի գիտական խնդիրների ոլորտում, և պատշաճ կերպով նկատի առնելով տվյալ գործին առնչվող բոլոր այլ գործոնները, կարող է ձայների մեծամասնությամբ` իր անդամների ձայների մեկ երրորդով, որոշում ընդունել տվյալ նյութը 1-ին կամ 2-րդ աղյուսակում ներառելու մասին:
6. Գլխավոր քարտուղարը Կոմիտեին և բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք հանդիսանում են կամ իրավունք ունեն դառնալու սույն Կոնվենցիայի անդամ, հայտնում է հանձնաժողովի կողմից ըստ սույն հոդվածով սահմանված կարգի ընդունված ցանկացած որոշման մասին: Որոշումը յուրաքանչյուր Կողմի համար լիարժեք ուժի մեջ է մտնում դրա մասին հայտնելու պահից հարյուր ութսուն օր անց:
7. /ա/ Սույն հոդվածի դրույթների հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները ենթակա են Խորհրդի կողմից վերանայման` Կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն, որով նա դիմել է այդ որոշման մասին հայտնելու պահից հարյուր ութսուն օրվա ընթացքում: Վերանայման մասին դիմումը ուղղվում է Գլխավոր քարտուղարին` գործին վերաբերվող բոլոր տեղեկությունների հետ մեկտեղ, որոնց վրա հիմնվում է վերանայման մասին դիմումը:
/բ/ Գլխավոր քարտուղարը վերանայման մասին դիմումի պատճենները` գործին առնչվող տեղեկությունների հետ մեկտեղ առաքում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր Կողմերին, նրանց առաջարկելով իրենց նկատողությունները ներկայացնել իննսուն օրվա ընթացքում: Ստացված բոլոր նկատողությունները ներկայացվում են Խորհրդին` քննարկման համար:
/գ/ Խորհուրդը կարող է հաստատել կամ չեղյալ հայտարարել Հանձնաժողովի որոշումը: Խորհրդի որոշման մասին ծանուցագիրն ուղղվում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք հանդիսանում են կամ իրավունք ունեն դառնալու սույն Կոնվենցիայի անդամ:
8. /ա/ Առանց սույն հոդվածի 1-ին կետի, 1961 թվականի՝ Կոնվենցիայի, այդ Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով, և 1971 թվականի՝ Կոնվենցիայի դրույթները խախտելու, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի արտադրության և տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
/բ/ Այդ նպատակով Կողմերը կարող են.
/i/ հսկողություն իրականացնել այդպիսի նյութեր արտադրող և տարածող, ինչպես նաև դրանց արտադրմանը և տարածմանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ,
/ii/ լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն իրականացնել այն տարածքները կամ ձեռնարկությունները, որտեղ կարող է տեղի ունենալ այդպիսի արտադրություն կամ տարածում,
/iii/ լիցենզիաներ ունեցողներից պահանջել վերը նշված գործունեության իրականացման համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելը,
/iv/ Չթույլատրել արտադրողների կամ տարածողների տնօրինման ներքո կուտակված այդ նյութերի այնպիսի քանակություններ, որոնք գերազանցում են առաջիններիս բնականոն գործունեության համար անհրաժեշտ քանակությունները` հաշվի առնելով շուկայում տիրող իրավիճակը:
9. 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված նյութերի նկատմամբ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է հետևյալ միջոցները.
/ա/ մշակում և կիրառում է 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված նյութերի միջազգային առևտրի մոնիտորինգի համակարգ` կասկածելի գործարքների հայտնաբերմանը նպաստելու նպատակով: Այդպիսի մոնիտորինգային համակարգերի կիրառումն իրականացվում է արտադրողների, ներմուծողների, արտահանողների, մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող անձանց օժանդակությամբ, որոնք իրավասու մարմիններին տեղեկացնում են կասկածելի պատվերների և գործարքների մասին,
/բ/ իրականացնում է 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված ցանկացած նյութի բռնագրավում, եթե առկա են համոզիչ ապացույցներ այն մասին, որ տվյալ նյութը նախատեսված է որևէ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ապօրինի արտադրության համար,
/գ/ հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է շահագրգիռ Կողմերի իրավասու մարմիններին և ծառայություններին, եթե հիմքեր կան ենթադրելու, որ 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված նյութերից որևէ մեկի ներմուծումն, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը կատարվում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության նպատակով, մասնավորապես նշելով նման եզրակացության համար հիմք ծառայած վճարման միջոցների և բոլոր այլ հիմնական տարրերի մասին,
/դ/ պահանջում է, որ ներմուծվող և արտահանվող նյութերը պատշաճ կերպով պիտակավորված լինեն և իրենց հետ ունենան անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթեր: Առևտրային փաստաթղթերում, այն է` հաշիվ-ապրանքագրերում, բեռնագրերում, մաքսային, տրանսպորտային կամ այլ բեռնային փաստաթղթերում պետք է նշված լինեն 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված` ներմուծվող կամ արտահանվող նյութերի անվանումները, ներմուծվող կամ արտահանվող նյութի քանակությունը, ինչպես նաև ներմուծողի, արտահանողի և, առկայության դեպքում, բեռն ստացողի անվանումն ու հասցեն,
/ե/ ապահովում է, որ սույն կետի «դ» ենթակետում նշված փաստաթղթերի պահպանման ժամկետը սահմանվի երկու տարուց ոչ պակաս և որ դրանք կարողանան տրամադրվել իրավասու ազգային մարմիններին` ստուգման համար:
10. /ա/ Ի լրումն 9-րդ կետի դրույթների և Գլխավոր քարտուղարին ուղղված շահագրգիռ Կողմի դիմումի համաձայն, յուրաքանչյուր Կողմ, որի տարածքից կատարվում է 1-ին աղյուսակում ներառված որևէ նյութի արտահանում, ապահովում է, որ մինչև արտահանման պահը իր իրավասու մարմինները ներմուծող երկրի իրավասու մարմիններին տրամադրեն հետևյալ տեղեկությունները.
/i/ ներմուծողի, արտահանողի և, եթե այդպիսին կա, բեռն ստացողի անվանումն ու հասցեն,
/ii/ 1-ին աղյուսակում ներառված նյութի անվանումը,
/iii/ արտահանվող նյութի քանակությունը,
/iv/ մուտքի ենթադրվող կետը և մեկնման ենթադրվող ամսաթիվը,
/v/ ցանկացած այլ տեղեկություններ, որոնց առնչությամբ Կողմերն ունեն փոխադարձ պայմանավորվածություններ
/բ/ Կողմը կարող է կիրառել հսկողության ավելի խիստ միջոցներ, քան սույն հոդվածով նախատեսվածները, եթե, իր կարծիքով, այդպիսի միջոցները նպատակահարմար են կամ անհրաժեշտ:
11. Եթե Կողմերից մեկը սույն հոդվածի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան տեղեկություններ է տրամադրում որևէ այլ Կողմի, ապա այդպիսի տեղեկություններ տրամադրող Կողմը կարող է պահանջել, որ ստացող Կողմը ապահովի դրա մեջ պարունակվող առևտրային, գործարարական կամ պրոֆեսիոնալ ցանկացած գաղտնիքի, ինչպես նաև առևտրային գործարքի գաղտնիքի պահպանումը:
12. Կողմերը յուրաքանչյուր տարի Կոմիտեին են ներկայացնում` վերջինիս կողմից սահմանված կարգով և տրամադրված բլանկների վրա, հետևյալ տեղեկությունները.
/ա/ 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի բռնագրավված քանակությունների մասին և, եթե հայտնի է, դրանց ծագման մասին,
/բ/ 1-ին կամ 2-րդ աղյուսակում չներառված այնպիսի նյութի մասին, որն, ըստ առկա տվյալների, օգտագործվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար և որը, Կողմերի կարծիքով, իրենից լուրջ և Կոմիտեի ուշադրությանը ներկայացնելու արժանի հիմնախնդիր է ներկայացնում,
/գ/ հոսակորուստի ձևերի և ապօրինի արտադրության տեսակների մասին:
13. Կոմիտեն յուրաքանչյուր տարի Հանձնաժողովին է հայտնում սույն հոդվածի դրույթների կիրառման մասին, իսկ Հանձնաժողովը պարբերաբար անց է կացնում 1-ին և 2-րդ աղյուսակի համապատասխանության ստուգումներ:
14. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում ոչ դեղագործական պատրաստուկների, ոչ էլ այլ տեսակի պատրաստուկների նկատմամբ, որոնք պարունակում են 1-ին կամ 2-րդ աղյուսակում նշված նյութերը, սակայն ունեն այնպիսի բաղադրություն, որ այդ նյութերը հնարավոր չէ հեշտությամբ առանձնացնել առկա միջոցների օգնությամբ: