Հոդված 6
Հոդված 6
Հանձնում
1. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են այն օրինախախտումների դեպքում, որոնք Կողմերը ընդունել են որպես այդպիսիք` 3-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն:
2. Յուրաքանչյուր օրինախախտում, որի դեպքում կիրառվում է սույն հոդվածը, համարվում է հանձնման մասին Կողմերի միջև գործող ցանկացած համաձայնագրում ներառման ենթակա` որպես հանձնում առաջ բերող օրինախախտում: Կողմերը պարտավորվում են ներառել միմյանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած համաձայնագրի մեջ բոլոր այն օրինախախտումները, որոնք առաջ են բերում հանձնում:
3. Եթե Կողմերից որևէ մեկը, պայմանավորելով հանձնումը համապատասխան համաձայնագրի առկայությամբ, հանձնման դիմում է ստանում մեկ այլ Կողմից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր կնքած չունի, այն կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես հանձնման համար բավարար իրավական հիմք` ցանկացած այնպիսի օրինախախտման առնչությամբ, որի դեպքում կիրառվում է սույն հոդվածը: Այն Կողմերը, որոնց սույն Կոնվենցիան որպես հանձնման համար բավարար իրավական հիմք ընդունելու համար անհրաժեշտ է մանրամասն օրենսդրության մշակում, պետք է քննարկեն նման օրենսդրության մշակման և ընդունման հնարավորությունը:
4. Այն Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում համապատասխան համաձայնագրի առկայությամբ, ճանաչում են այն օրինախախտումները, որոնց դեպքում կիրառվում է սույն հոդվածը, որպես օրինախախտումներ, որոնք կարող են առաջ բերել փոխադարձ հանձնում:
5. Հանձնումը կատարվում է հարցվող Կողմի օրենսդրությամբ կամ հանձնման մասին գործող համաձայնագրերով սահմանված կարգով` ներառյալ այն հիմքերը, որոնցով հարցվող Կողմը կարող է մերժել հանձնումը:
6. Սույն հոդվածին համապատասխան ստացված դիմումների քննարկման ժամանակ, հարցվող Կողմը կարող է հրաժարվել այդ դիմումներում ներկայացվող խնդրանքները բավարարելուց, եթե բավարար հիմքեր կան, որոնք թույլ են տալիս իր դատական կամ այլ իրավասու մարմիններին համարել, որ դրանց բավարարումը կհեշտացնի որևէ անձի նկատմամբ վարվող դատաքննությունը կամ այդ անձին պատժի ենթարկելը` վերջինիս ռասայի, դավանանքի, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների հիման վրա, կամ այդ պատճառներից մեկով վնաս կպատճառի որևէ անձի, որին և վերաբերում է այդ դիմումը:
7. Այն օրինախախտումների առնչությամբ, որոնց դեպքում կիրառվում է սույն հոդվածը, Կողմերը ջանքեր են գործադրում` հանձնման գործընթացն արագացնելու և դրա հետ կապված` ապացույցների ներկայացման պահանջները պարզեցնելու համար:
8. Հաշվի առնելով հանձնման հետ կապված խնդիրները կարգավորող իր ազգային օրենսդրության դրույթները և գործող համաձայնագրերը, հարցվող Կողմը, համոզվելով, որ հանգամանքները անհապաղ բնույթ են կրում և պահանջում են այն, և հարցող Կողմի խնդրանքով կարող է կալանքի տակ առնել այն անձին, որը գտնվում է իր տարածքում և որի հանձնումը հարցվում է, կամ ձեռնարկել այլ անհրաժեշտ միջոցներ` հանձնման ընթացակարգին իր ներկայությունն ապահովելու նպատակով:
9. Առանց իր ազգային օրենսդրությամբ սահմանված որևէ քրեական իրավազորություն խախտելու, Կողմը, որի տարածքում գտնվում է ենթադրվող օրինախախտը.
ա/ այն դեպքում, երբ նա օրինախախտին չի հանձնում 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտում կատարելու համար` 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հիմքերով, գործը փոխանցում է իր իրավասու մարմիններին` քրեական հետապնդում սկսելու նպատակով, եթե հարցող Կողմի հետ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել,
բ/ այն դեպքում, երբ նա օրինախախտին չի հանձնում այդպիսի օրինախախտում կատարելու համար և իր իրավազորութունն է սահմանել այդ օրինախախտման նկատմամբ` 4-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, գործը փոխանցում է իր իրավասու մարմիններին` քրեական հետապնդում սկսելու նպատակով, եթե հարցող Կողմը իր օրինական իրավազորությունը պահպանելու նպատակով չի դիմում մեկ այլ խնդրանքով:
10. Եթե հանձնումը, որը հարցվում է դատավճիռը ի կատար ածելու նպատակով, մերժվում է հետախուզվող անձի հարցվող Կողմի քաղաքացի հանդիսանալու պատճառով, ապա հարցվող Կողմը, եթե դա հիմնավորված է իր ազգային օրենսդրությամբ և համապատասխանում է վերջինիս դրույթներին, հարցող Կողմի դիմումի հիման վրա քննարկում է հարցող Կողմի օրենսդրության համաձայն կայացրած դատավճիռը կամ դատավճռի մնացած մասը ի կատար ածելու հարցը:
11. Կողմերը ձգտում են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքել` հանձնման գործընթացների իրականացումն ապահովելու կամ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
12. Կողմերը կարող են ուսումնասիրել հատուկ և ընդհանուր բնույթի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքման հնարավորությունը, որոնց համաձայն անձինք, որոնք դատապարտված են բանտարկության կամ ազատազրկման այլ տեսակների այն օրինախախտումների համար, որոնց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի դրույթները, արտահանձնվեն իրենց երկրներին, որպեսզի նրանք իրենց ազատազրկման մնացած մասը կարողանան կրել այնտեղ: