Հոդված 36. ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
Հոդված 36. ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
1. Էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:
2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
3. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) և (կամ) ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:
4. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով արտադրողից ջերմային էներգիա ստանալու և (կամ) գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը` պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին` միևնույն լիցենզիայով: