Հոդված 16. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 16. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ
1. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ` բաց քվեարկությամբ:
2. Հանձնաժողովը վարում է իր ակտերի գրանցամատյանը: Հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:
3. Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը:
4. Հանձնաժողովն ընդունում է նորմատիվ-իրավական ակտեր, որոնցով կանոնակարգվում են հանձնաժողովի անդամների կամ աշխատակազմի աշխատակիցների հանդիպումներն այն անձանց հետ, որոնց գործունեության լիցենզիա տալու կամ այն վերանայելու, սակագները հաստատելու վերաբերյալ հարցերը ներկայացված են հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի անդամը, առանց նախապես զգուշացնելու և բոլոր կողմերին մասնակցելու հնարավորություն ընձեռելու, իրավունք չունի քննարկման ենթակա հարցի վերաբերյալ խորհրդակցել շահագրգիռ անձի կամ նրա լիազորած անձի հետ:
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են դատական քննության վարույթում գտնվող, պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:
6. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
7. Հանձնաժողովն իր կողմից սահմանված կարգի համաձայն հայտարարում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, օրակարգը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ` ներառյալ նախագահը կամ նախագահի տեղակալը կամ սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով հանձնաժողովի նախագահի պաշտոնական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը:
Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
9. Հանձնաժողովի ներկայացուցիչները, հանձնաժողովի իրավասություններով և պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք լիցենզավորված անձանց գործունեության տարածք:
10. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է ներգրավել անկախ փորձագետների, եթե վերջիններս լիցենզավորված անձանց հետ կապված ֆինանսական շահագրգռվածություն կամ դրանցում փայամասնակցություն չունեն:
11. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:
12. Հանձնաժողովը հաստատում և հրապարակում է «Վարվեցողության կանոններ», որոնցով կանոնակարգում է հանձնաժողովի անդամների, աշխատակազմի աշխատակիցների գործելակարգը լիցենզավորված անձանց ներկայացուցիչների ու սպառողների հետ:
13. Սույն օրենքի պահանջները խախտելու համար հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: