Հոդված 38. ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
Հոդված 38. ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ
1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիա (հզորություն) բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է բնական գազի փոխադրման և (կամ) ներկրման լիցենզիա ունեցող անձանցից բնական գազ ընդունելու և Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սահմանված կարգով` բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է ջերմային էներգիայի արտադրության կամ փոխադրման լիցենզիա ունեցող անձանցից ջերմային էներգիա ստանալու և (կամ) գնելու և սպառողին բաշխելու և (կամ) վաճառելու իրավունք` հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը: