Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2003-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`

անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.

բաշխիչ ցանց` բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող, էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը արտադրողից և (կամ) հաղորդողից հասցվում է սպառողներին.

ենթասպառող` սպառողը, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի ցանցերից, և որն ունի սահմանված կարգով կնքված` էներգիայի կամ բնական գազի մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր.

էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ` էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կանոնակարգելուն և դրա թափանցիկությունն ապահովելուն ուղղված կենտրոնացված ծառայությունները.

էներգիա` էլեկտրական էներգիա (հզորություն) և ջերմային էներգիա.

ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից մատակարարվող սպառողներին.

լիցենզիա` հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթը, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու վերջինիս իրավունքը և պարտականությունը` համաձայն սույն օրենքի դրույթների.

լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձը.

լիցենզավորվող գործունեություն` սույն օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունը.

հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը.

հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազն արտադրողից կամ ներկրողից հասցվում է բաշխողին և (կամ) սպառողին և (կամ) տարանցվում է երրորդ երկիր, և որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է հաղորդման (փոխադրման) լիցենզիա ունեցող անձը.

մատակարարման և օգտագործման կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.

շուկայի կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթը, որով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, համակարգի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշները, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները.

որոշում` հանձնաժողովի կողմից իր իրավասության սահմաններում սույն օրենքին համապատասխան ընդունված իրավական ակտը.

սակագին` էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության, ջերմային էներգիայի և բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար (բացառությամբ կառուցման կամ վերականգնման և արտահանման գործունեությունների) սույն օրենքին համապատասխան սահմանված գինը.

սպառող` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել լիցենզավորված անձի հետ.

վարվեցողության կանոններ` հանձնաժողովի անդամների և աշխատակազմի, հանձնաժողովի անդամների, աշխատակազմի և էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց, ինչպես նաև աշխատակազմի և սպառողների միջև վարվեցողության կանոնները` հաստատված հանձնաժողովի կողմից.

տնտեսական կարգավարում` արտադրական հզորությունների, էլեկտրաէներգիայի ներկրման և հաղորդման հնարավորությունների հայտարարագրման, պլանավորման և կարգավարման միջոցը, որը հանգեցնում է նվազագույն ծախսումներով էլեկտրաէներգիայի մատակարարման` հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։