Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը
Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը
1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում.
բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
գ) տեղեկանք ծնողի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում մինչև 2 տարեկան երեխայի հաշվառված լինելու մասին.
դ) տեղեկանք գործատուից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.
դ.1) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.
ե) ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
զ) երեխայի և ծնողի սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք:
2. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
3. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամիս անց: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:
4.1. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:
5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:
6. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմին:
7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված տեղեկանքները:
8. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:
9. Նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչև նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անձին, եթե նպաստը ստանալու համար նա դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝
ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,
գ) ծնողի աշխատելու,
դ) ծնողի աշխատանքից ազատվելու,
ե) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,
զ) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:
11. Երեխայի խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-224-Ն)