Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Նոտարի փոխարինումը և գործուղումը
1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման դեպքում արդարադատության նախարարը նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ նոտարական գործողությունների իրականացումն այդ ժամանակահատվածում կարող է դնել այլ նոտարի վրա։
2. Փոխարինող նոտարն իրավունք ունի նոտարական գործողություններ իրականացնելու իր նոտարական գրասենյակում կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակում:
3. Փոխարինող նոտարը գործում է իր անունից և իր հաշվին: Փոխարինվող նոտարի գույքի օգտագործման և աշխատակազմի վարձատրության կարգը սահմանվում է նոտարական պալատի որոշմամբ:
4. Ժամանակավոր բացակայության դեպքում նոտարին փոխարինելու հիմքերն են՝
1) ամենամյա, լրացուցիչ արձակուրդում գտնվելը.
2) հղիության և ծննդաբերության արձակուրդը.
3) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.
4) ժամանակավոր անաշխատունակությունը.
5) երեխայի կամ ընտանիքի անդամների հիվանդությունը (խնամքի անհրաժեշտության դեպքում).
6) գործուղումները.
7) վերապատրաստումները.
8) երկու աշխատանքային օրից ավելի աշխատավայրից փաստացի բացակայության այլ դեպքեր:
5. Նոտարը կարող է գործուղվել այլ նոտարական տարածք միայն իր համաձայնությամբ նոտարական պալատի առաջարկի հիման վրա արդարադատության նախարարի հրամանով:»: