Անցնել բովանդակությանը
ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ, ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Հոդված 12. Օդանավակայանները և աերոդրոմները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օդանավակայանները և աերոդրոմները

1. Աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային տարածքը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով:

Ուղղաթիռադաշտ (հրապարակ) է համարվում հողային (ջրային) տարածքը կամ հատուկ նախապատրաստված հրապարակը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ապահովում է ուղղաթիռների ինքնաթիռային կամ ուղղաթիռային թռիչք-վայրէջքը, գետնավարումը, պահպանումը և սպասարկումը:

2. Օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով:

3. Միջազգային օդանավակայան է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր։

Ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը: Միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման:

4. Աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատը տրվում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից։

Սերտիֆիկացման կարգը և շահագործման պայմանները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը։

Ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:

5. Թռիչքային և ավիացիոն անվտանգության նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է սահմանել աերոդրոմի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ: Օդանավակայաններում և այլ վերգետնյա միջոցներով ավիացիային ծառայություններ մատուցող և ավիացիոն գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջները:

6. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իր սահմանած կարգով իրականացնում է պետական և մասնագիտական վերահսկողություն միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի սերտիֆիկացված աերոդրոմների, վերգետնյա միջոցների և ծառայությունների նկատմամբ:

Օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված (ULOS) տրամադրելու կարգը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:

7. Աերոդրոմի սերտիֆիկատի գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից, եթե օդանավակայանը կամ դրա կազմակերպումը, սարքավորումները, միջոցները կամ ծառայությունները չեն համապատասխանում սահմանված պայմաններին կամ սահմանափակումներին: Եթե ի հայտ բերված թերությունները չեն ազդում թռիչքների և ավիացիոն անվտանգության վրա, ապա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իրավասու է աերոդրոմի շահագործողից պահանջելու վերացնել նշված թերությունները սահմանված ժամկետում, որի ընթացքում կարող են կիրառվել օդանավակայանի գործունեության սահմանափակումներ:

8. Աերոդրոմի տարածքում գործում են համապատասխան հրշեջ և փրկարարական ծառայություններ, որոնց գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Աերոդրոմների շրջակայքում շենքերի, շինությունների, հաղորդակցության, բարձր լարման գծերի, ռադիոտեխնիկական միջոցների և այլ օբյեկտների տեղադրումը կամ գործունեության իրականացումը, որը կարող է վտանգ սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը, ենթակա է համաձայնեցման տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սահմանված պահանջների խախտում թույլ տված անձինք պարտավոր են սեփական միջոցների հաշվին իրականացնել օբյեկտների վերացումը, տեղափոխումը կամ անհրաժեշտ ձևափոխումները՝ համաձայն տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի պահանջների:

Աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումը օդանավերի հետ հաշվառվում և ներկայացվում է ԻԿԱՕ՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով:

9. Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների ցանկը և դրանց օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համատեղ բազավորման և օգտագործման աերոդրոմները պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից:

10. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը ապահովության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակներով կարող է սահմանել օդանավակայանի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ` բացառապես հիմնվելով ապահովության և անվտանգության վերաբերյալ ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների պահանջների վրա, առանց խախտելու համապատասխան օդանավակայանի կոնցեսիոներների իրավունքները՝ կոնցեսիոն պայմանագրին համապատասխան: Օդանավակայաններում և այլ վերգետնյա միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը, ըստ անհրաժեշտության, սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջներ՝ բացառապես հիմնվելով ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների պահանջների վրա, ապահովության և անվտանգության նպատակներով՝ առանց խախտելու օդանավակայանի կոնցեսիոների կոնցեսիոն պայմանագրով սահմանված իրավունքները:

11. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն անցկացնում է քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների, սերտիֆիկացված աերոդրոմների, վերգետնյա միջոցների և ծառայությունների ուսումնասիրություն և տեսչական ստուգումներ՝ բացառապես ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման ուսումնասիրությունները և տեսչական ստուգումները պետք է հիմնավորված լինեն և չխոչընդոտեն օդանավակայանի կոնցեսիոներների բնականոն գործունեությանը: Կոնցեսիոներների կատարած օդանավակայանի բարեփոխումները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության բոլոր պահանջներին:

12. Օդանավակայանի կոնցեսիոները մասնավոր անձ է, որը լիազորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկը կամ մի քանիսը շահագործելու, տնօրինելու, ղեկավարելու և կառավարելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրած լիազորությունների շրջանակում:

13. Կոնցեսիոն պայմանագիրը ենթադրում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկի օդանավակայանի կոնցեսիոների իրավունքը՝

1) օգտագործելու օդանավակայանի տարածքը և գույքը.

2) գործելու որպես օդանավակայանի կառավարիչ՝ սահմանելով և կիրառելով օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերը.

3) շահագործելու օդանավակայանը և ստանալու շահույթ դրա շահագործումից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված լիազորությունների շրջանակում տրամադրելու թույլտվություններ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնելու համար կամ իրականացնելու այդ գործունեությունն ուղղակիորեն՝ կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:

14. Օդանավակայանները սեփականության իրավունքով կարող են պատկանել Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին և իրավաբանական անձանց: Օդանավակայանների անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև կոնցեսիայի միջոցով:

Կոնցեսիայի միջոցով օդանավակայանի շահագործման նպատակով օդանավակայանի սեփականատիրոջ և շահագործողի միջև կնքվում է օդանավակայանի կոնցեսիայի պայմանագիր, որով շահագործողին են փոխանցվում օդանավակայանի շահագործման իրավունքները և գույքի միավորների օգտագործման իրավունքը: Կոնցեսիայով շահագործողին կարող է հանձնվել օդանավակայանի շահագործումը կամ օդանավակայանային առանձին ծառայությունների մատուցումը:

Կոնցեսիայի պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա շահագործողներն օդանավակայանային առանձին ծառայություններ կարող են հանձնել ենթակոնցեսիայի:

Ենթակոնցեսիայի պայմանները սահմանվում են օդանավակայանների սեփականատերերի կամ շահագործողների կողմից, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է համապատասխան վերահսկողություն օդանավակայանի կոնցեսիոների գործունեության նկատմամբ՝ կոնցեսիոն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները կանխելու նպատակով:

15. Սույն օրենքի իմաստով օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծառայություններ են հանդիսանում օդանավի կայանման գործընթացից սկսած մինչև թռիչքի իրականացման նպատակով շարժիչների գործարկման թույլտվություն ստանալու պահը, ուղևորների, ուղեբեռների գրանցման, օդանավի բեռնման, բեռնաթափման և չվերթի սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։