Հոդված 66. Օդանավով չփոխադրվող անձին կամ գույքին պատճառած վնասի դիմաց օդանավի սեփականատիրոջ և շահագործողի պատասխանատվությունը
Հոդված 66. Օդանավով չփոխադրվող անձին կամ գույքին պատճառած վնասի դիմաց օդանավի սեփականատիրոջ և շահագործողի պատասխանատվությունը
1. Օդանավի սեփականատերը պատասխանատվություն է կրում օդանավով չտեղափոխվող անձին կամ գույքին օդանավի շահագործմամբ վնաս կամ վնասվածք պատճառելու դեպքում, եթե նույնիսկ նա չի պատճառել վնասը և կարիք չունի արդարացման: Պատասխանատվության չափը կարող է նվազեցվել, եթե տուժած անձը որևէ կերպ նպաստել է վնասի կամ վնասվածքի պատճառմանը:
2. Եթե վնասը կամ վնասվածքը պատճառվել է երկու կամ մի քանի օդանավերի շահագործման հետևանքով, որոնց համար դրանց սեփականատերերը, համաձայն սույն գլխի, պատասխանատվություն են կրում, ապա օդանավերի սեփականատերերը կրում են համապարտ պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: Եթե նման շահագործման պատճառով օդանավերից որևէ մեկին կամ օդանավերից որևէ մեկով տեղափոխվող անձին կամ գույքին պատճառվել է վնաս կամ վնասվածք, ապա նման վնասի կամ վնասվածքի առնչությամբ սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում:
3. Եթե անձն օգտագործում է օդանավն առանց դրա սեփականատիրոջ հետ համաձայնության, ապա դրա հետևանքով առաջացած վնասի կամ վնասվածքի դիմաց պատասխանատվությունը սեփականատիրոջ փոխարեն կրում է օգտագործողը:
4. Օդանավն ապառիկ գնման հիմունքներով, վերադարձնելու իրավունքով տնօրինելու դեպքում պատասխանատվությունը կրում է գնորդը՝ սույն օրենքի համաձայն:
5. Օդանավն օգտագործման իրավունքով ձեռք բերելու դեպքում օդանավի սեփականատիրոջ փոխարեն պատասխանատվությունը կրում է օգտագործողը, եթե՝
1) սեփականատիրոջ և օգտագործողի միջև կնքված է պայմանագիր, ըստ որի` պատասխանատվությունն ընկնում է օգտագործողի վրա.
2) օգտագործման իրավունքը վավերական է առնվազն մեկ տարի.
3) օգտագործողը, պայմանագրի համաձայն, իրավունք ունի նշանակելու օդանավի օդաչուներին կամ օգտագործելու օդանավը վարձավճար ստանալու նպատակով.
4) օդանավերի ռեգիստրում օգտագործման իրավունքի վերաբերյալ կատարվել է գրառում:
6. Եթե օդանավը ձեռք է բերվել օգտագործման իրավունքով, սակայն չեն պահպանված սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանները, ապա օգտագործողն ու սեփականատերը համապարտ պատասխանատվություն են կրում սույն օրենքի համաձայն, եթե օգտագործողը՝
1) օդանավի սեփականատիրոջ հետ կնքած պայմանագրի համաձայն` իրավունք ունի նշանակելու օդանավի օդաչուներին.
2) չունենալով օդաչու նշանակելու իրավունք՝ նշանակել է օդանավի սեփականատիրոջ մոտ չաշխատող օդաչուի, և վնասը տեղի է ունեցել այդ պատճառով:
7. Օդանավի սեփականատերը կամ այլ անձինք, որոնք սույն օրենքի հիման վրա կատարել են վճարումներ, կարող են հետ ստանալ այդ գումարները վնաս կամ վնասվածք պատճառած անձից՝ դատական կարգով:
8. Օդանավում իր աշխատանքային պարտականությունները կատարող անձն իր պարտականությունները սխալ կամ թերի կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի դրույթները կիրառվում են նաև օդանավակայանում, օդային երթևեկության ծառայություններում կամ այլ տեղում իրենց աշխատանքային պարտականությունները կատարող անձանց նկատմամբ: