Հոդված 43. Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները
Հոդված 43. Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները
1. Օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը տալիս է օդանավ շահագործողի վկայական՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմիններին:
2. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է, եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, համապատասխան ապահովագրություն, հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, անձնակազմ, հարմարություններ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են վկայականով նախատեսված գործունեությունն ապահով և հուսալիորեն իրականացնելու համար:
3. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է որոշակի գործողության ժամկետով, որում նշված են նաև կիրարկվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե վկայական ստացած անձը բավարարում է երկարաձգման պահին վկայական տալու համար ներկայացվող պահանջները:
4. Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սույն հոդվածի 1-ին մասի պայմաններից կարող է կիրառել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ, և օդանավ շահագործողը բազավորվելու է Հայաստանի Հանրապետությունում:
5. Օդանավ շահագործողի վկայական ստացած անձը պարտավոր է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին ծանուցել օդանավ շահագործողի վկայական տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Օդանավ շահագործողի վկայական ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն: