Հոդված 44. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները
Հոդված 44. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները
1. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով քաղաքականության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձի հայտի հիման վրա տալիս է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր)՝ ըստ օդային հաղորդակցությունների փոխադրումների տեսակների` Հայաստանի Հանրապետոթյան կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված խորհրդի եզրակացությունը, եթե
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը կրում է օդանավ շահագործողի վկայական՝ տրված տեխնիկական կարգավորման լիազոր մարմնի կողմից.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շարունակական և հուսալի առևտրային փոխադրումներ իրականացնելու պահանջները:
2. Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհուրդը հավաստագրերի տրման վերաբերյալ տալիս է խորհրդակցական բնույթի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին եզրակացություններ:
3. Հավաստագիրը տրվում է անժամկետ, որում նշված են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Հավաստագիրը ենթակա է վերահաստատման քաղաքականության լիազորված մարմնի կողմից, եթե՝
1) հավաստագիր ունեցողը դրա տրման օրվանից վեց ամսվա ընթացքում չի մեկնարկել առևտրային օդային փոխադրումների իրականացումը.
2) կասեցրել է իր կողմից առևտրային օդային փոխադրումների իրականացումը առնվազն վեց ամիս ժամանակով.
3) չի համապատասխանում շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների, համապատասխան ապահովագրության, հմտությունների, գիտելիքների, փորձառության և անձնակազմի պահանջներին:
5. Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է քաղաքականության լիազորված մարմին ներկայացնել տարեկան հաշվետվություն և արտաքին աուդիտի եզրակացություն ֆինանսական վիճակի մասին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է քաղաքականության լիազորված մարմին ներկայացնել տեղեկատվություն՝ ըստ վերջինիս պահանջի:
6. Հավաստագիր ստացած անձը պարտավոր է քաղաքականության լիազորված մարմնին ծանուցել առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Հավաստագիր ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն: