Անցնել բովանդակությանը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 10 · ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐ

Հոդված 54. Պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54. Պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը

1. Եթե օդանավը թռիչքային նպատակներով օգտագործելու ընթացքում տեղի է ունենում պատահար, որն առաջացնում է մարդկային զոհ կամ լուրջ մարմնական վնասվածք կամ էական վնաս է պատճառում օդանավին կամ օդանավում չգտնվող գույքին, ապա անցկացվում է պատահարի մասնագիտական քննություն (այսուհետ՝ քննություն):

2. Քննությունն իրականացվում է նաև նման պատահարի վտանգ պարունակող լուրջ միջադեպեր առաջանալիս, կամ եթե տեղի է ունեցել օդանավում, վերգետնյա ավիացիոն միջոցներում կամ ծառայություններում առկա լուրջ թերությունների մասին վկայող որևէ դեպք:

3. Պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման նպատակը դրանց կանխարգելումն է: Քննությունը նպատակ չունի որոշել որևէ անձի մեղավորության և պատասխանատվության աստիճանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման կարգ, որի կիրարկումն ապահովող կանոնակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը:

Պատահարների կամ լուրջ միջադեպերի քննությունն իրականացնում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը: Եթե իրադարձությունը պատահար չէ կամ լուրջ միջադեպ, ապա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է նշանակել մեկ հետաքննող կամ քննություն անցկացնելու իրավունքը փոխանցել համապատասխան քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը կամ օդանավ շահագործողին:

5. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը քննություն անցկացնելու նպատակով պետք է ունենա անհրաժեշտ գործնական, տեխնիկական և իրավական փորձաքննություն անցկացնելու հնարավորություն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, իրավաբանական և ֆիզիկական անձինք պետք է աջակցեն ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի աշխատանքին: Անհրաժեշտության դեպքում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը կարող է աջակցություն խնդրել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններից կամ պատահարներ քննող այլ մարմիններից:

6. Պատահարի կամ միջադեպի հետ առնչություն ունեցող անձինք քննության աշխատանքներն սկսելու ու ավարտի մասին ծանուցվում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի կողմից: Նրանք տեղյակ են պահվում քննության ընթացքի մասին այնքանով, որքանով որ դա չի խանգարում քննությանը: Նրանց հնարավորություն է տրվում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնին կամ քննությունն անցկացնող անձին ներկայացնելու այնպիսի հայտարարություններ, որպիսիք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավունքների պաշտպանության համար: Նշված հայտարարությունները ներառվում են սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվության մեջ:

7. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը կարող է քննության ներգրավել բոլոր այն անձանց, ովքեր կարող են տրամադրել քննության ընթացքի համար կարևոր տեղեկություններ, ինչպես նաև պահանջել և հետազոտել կարևորություն ունեցող փաստաթղթերը, գրառումները և համակարգչային տեղեկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։