Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը
Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը
1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում՝ համակարգիչ) և կապի (այդ թվում՝ ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաև խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
2. Աշխատանքն սկսվում է ժամը 9-ին: Պատգամավորի աշխատանքը նորմավորված չէ:
3. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի և պատգամավորի վարձատրությունը սահմանվում է օրենքով:
4. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տևողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:
6. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:
7. Սահմանադրության 65-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:
8. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:
9. Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատգամավորի կենսաթոշակը սահմանվում է օրենքով։
(8-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն)