Հոդված 51. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը
Հոդված 51. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը
1. Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ, այն ուղարկելով՝
ա) Կառավարություն (եթե հեղինակը պատգամավոր է)՝ վարչապետի անունով, և Աշխատակազմ, որոնք 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են իրենց եզրակացություններն առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ.
բ) հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:
գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:
1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:
2. Աշխատակազմի եզրակացությունում նշվում են oրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որոնք ներառում են նաև սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ oրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիսի oրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
3. Կառավարության եզրակացությունն անհրաժեշտության դեպքում ներառում է պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին իր եզրակացությունը:
4. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի վերաբերյալ, ապա համարվում է, որ այն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։
5. Ստացվելուց հետո` 24 ժամվա ընթացում, Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ուղարկվում են մշտական հանձնաժողովներին և հեղինակին (հիմնական զեկուցողին):
6. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)
7. Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ՝ միաժամանակ որոշելով օրենքի նախագծի այլընտրանքային համարելու հարցը, հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:
8. Շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:
9. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի և (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:
(51-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ., փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)